Տիգրան Խաչատրյանի կարծիքով՝ կեղծ ապրանքների տարածման խնդիրը պետք է լուծվի համակարգային մակարդակով

Armenpress 15:42, 12 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունում 2017 թվականի համեմատ 2018 թվականին կեղծ ապրանքների քանակն ավելացել է 54 տոկոսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում «Անտիկոնտրաֆակտ» միջազգային համաժողովի բացման խոսքում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Կեղծ ապրանքների դեմ պայքարը կարևորագույն և առաջնահերթ խնդիրներից է մեր երկրի համար: Այդ խնդիրը պետք է լուծել համակարգային մակարդակով և դրան պետք է նայել միջազգային տնտեսական համագործակցության պրիզմայով: Կեղծ ապրանքատեսակների տարածման խնդիրն այսօր արդիական է դարձել ազգային օգտագործման գրեթե բոլոր տեսակի ապրանքների համար: ԵԱՏՄ-ում կեղծված ապրանքների ռիսկի գոտում կան թեթև արդյունաբերության ապրանքատեսակներ, դեղագործություն, օծանելիք և այլն»,- նշեց Խաչատրյանը:

Նա շեշտեց, որ անհրաժեշտ է պաշտպանել մտավոր սեփականության իրավունքները, ինչը կարևոր է ներդրումային բարենպաստ միջավայր ստեղծելու տեսանկյունից:

«Կեղծված ապրանքատեսակների դեմ պայքարն ու ԵԱՏՄ-ում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը իրականացվելու են Միության ապրանքների և ծառայությունների համար առաջնային թվային հսկողության համակարգի ներդրման միջոցով»,- ասաց նախարարը:

«Անտիկոնտրաֆակտն» անցկացվում է Երևանում նոյեմբերի 12-13-ը: Այն ԵԱՏՄ-ի շրջանակում քննարկումների կազմակերպման կենտրոնական հարթակ է, որտեղ քննարկվում են արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառությունից շուկաների պաշտպանության խնդիրները: Դրան մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների պետական մարմինների ներկայացուցիչները, հասարակական մասնավոր կազմակերպությունները, տարբեր փորձագետներ, գիտնականներ և այլն:  «Անտիկոնտրաֆակտ-2019» համաժողովի կազմակերպիչն է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության։ Աջակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարությունը և «Անտիկոնտրաֆակտ»  միջազգային ասոցիացիան:

Այս տարի միջազգային համաժողովի ընթացքում քննարկվելու է չորս հիմնական հարց՝ իրավակիրառությունը կոնտրաֆակտ արտադրանքի շրջանառության դեմ պայքարի ոլորտում, արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառության դեմ հակազդեցությունը, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը թվային միջավայրում, արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառության և մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում կադրային ներուժի ձևավորումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am