1000х90.jpg (78 KB)

Երևանում մեկնարկել է «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ֆորումը

Armenpress 10:07, 12 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների պետական և մասնավոր սեկտորների ներկայացուցիչների մասնակցությամբ Երևանում մեկնարկել է «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ֆորումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկօրյա ֆորումը մեկնարկել է նոյեմբերի 12-ին:

«Անտիկոնտրաֆակտը» ԵԱՏՄ-ի շրջանակներում քննարկումների անցկացման կենտրոնական հարթակ է, որտեղ քննարկվում են արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառությունից շուկաների պաշտպանության խնդիրները: Դրան մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների պետական մարմինների ներկայացուցիչները, հասարակական մասնավոր կազմակերպությունները, տարբեր փորձագետներ, գիտնականներ և այլք: Համաժողովի նպատակն է մասնակիցների համախմբված դիրքորոշման և առաջարկությունների ձևավորումը՝ ուղղված արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառության դեմ հակազդմանը, մաքսային կարգավորումների կատարելագործմանը, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությանը, արդյունաբերական արտադրանքի ստանդարտացմանը, արդյունաբերական արտադրանքի որակի արդյունավետ վերահսկողությանը և այլն:

«Անտիկոնտրաֆակտ 2019» համաժողովի կազմակերպիչն է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության և «Անտիկոնտրաֆակտ»  միջազգային ասոցիացիայի աջակցությամբ:

Այս տարի միջազգային համաժողովի ընթացքում քննարկվելու է չորս հիմնական հարց՝ իրավակիրառությունը կոնտրաֆակտ արտադրանքի շրջանառության դեմ պայքարի ոլորտում, արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառության դեմ հակազդեցությունը, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը թվային միջավայրում, արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառության և մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում կադրային ներուժի ձևավորումը:

Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ(նախարար) Տիմուր Ժակսիլիկովը, ԵԱՏՀ ներքին շուկաների տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ  (նախարար) Կարինե Մինասյանը, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Դմիտրի Օվսյաննիկովը և այլք:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am