1000х90.jpg (78 KB)

Կեղծ ընկերությունների մասնակցությունը պետական գնումներին կդառնա զրոյական

Armenpress 17:09, 8 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 2-ից գնումների գործընթացն իրականացվում է նոր ընթացակարգով, որը ենթադրում է գնումների թափանցիկություն և արդյունավետություն:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարությունից, գնումների գործընթացի բարեփոխումներին վերաբերող «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումն ընդունվել էր ՀՀ կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում:

«Վարչապետի կողմից խնդիր էր դրվել բարեփոխել գնումների համակարգը ու դրա արդյունքում բարձրացնել գնումների արդյունավետությունը»,- ներկայացնում է ՀՀ ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը:

Նրա խոսքով, ֆինանսների նախարարությունում խնդիր է դրվել ապահովել որակյալ պայմանագրերի կատարումը և այդ պատճառով էլ հոկտեմբերի 31-ից չորս օր շարունակ հանրապետության պետական մարմինների շուրջ 200 աշխատողների համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ:

«Դասընթացների ընթացքում ներկայացրել ենք պետական գնումների գործընթացում կատարված փոփոխությունները, ինչու են դրանք արվել: Ինչպես նաև ապահովել ենք գնման գործընթացում օգտագործվող փաստաթղթերի օրինակելի ձևերի հաստատումն ու հրապարակումը», -նշում է Սերգեյ Շահնազարյանը:

Կատարված ամենաէական փոփոխություններից նա առանձնացնում է այն, որ պատահական, կեղծ ընկերությունների մասնակցությունը պետական գնումների գործընթացին դառնում է զրոյական: Ըստ նոր փոփոխության, ընկերությունները պարտավոր են ներկայացնել տեղեկություն բանկային երաշխիքի մասին:

«Այդ կեղծ  ընկերությունները, որոնք չունեն ֆինանսական բավարար միջոցներ պայմանագրերը կատարելու համար, սակայն մասնակցում էին մրցույթին, շահում, գումարը ստանում էին ու չէին կատարում պայմանագրային պարտավորությունները: Արդյունքում տուժում էր պետությունը, վտանգվում էին պետական ծրագրերը, իսկ ընկերությունը ստանում էր գումար: Այժմ նոր իրավիճակում այդ հնարավորությունը սահմանափակվում է, քանի որ բանկը երաշխիք տալուց ստուգում է ընկերությունների պատշաճ լինելու հանգամանքը: Հույս ունենք, որ բանկային երաշխիքը կլուծի այդ խնդիրը»,- նշում է ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետը:

Այդուհանդերձ, եթե ընկերությունը չի կատարում պայմանագրային պարտավորությունները, ապա պետությունը հնարավոր ֆինանսական վնասը հետ է ստանում բանկային երաշխիքի միջոցով:

Սերգեյ Շահնազարյանն ասում է, որ նոր գործընթացի արդյունքները զգալի կլինեն արդեն մյուս ամիս:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am