1000х90.jpg (78 KB)

Երևանում շրջիկ առևտրի համար կսահմանվեն կոնկրետ տեղեր և ժամեր

Armenpress 15:41, 8 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջանառության մեջ է դրվել Երեւանում մեքենաներով կամ դրանց կցորդներով (շրջիկ առեւտրի կետ) առեւտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու հարաբերությունները կարգավորող նախագիծը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ այս ոլորտը մինչ այս ոչ մի օրենսդրական կարգավորում չի ստանում, հետևաբար Երևանի քաղաքապետարանը չի կարող միջամտել: Օրենքի նախագիծը նպատակ ունի կարգավորել ոլորտը, առևտուր կազմակերպող, ծառայություններ մատուցող շրջիկ կետերի իրավահարաբերությունները:

«Մենք շատ հաճախ նման շրջիկ առևտրի կետեր տեսնում ենք նեղ փողոցներում, բանուկ հատվածներում, որոնք կարող են խցանումներ առաջացնել: Նման կետեր տեսնում ենք մշակութային օջախների հարևանությամբ օրվա ամենատարբեր ժամերին: Հիմա նոր օրենքի նախագծով կկարգավորվեն և՛ տեղերը, և՛ ժամերը, և՛ կհստակեցվեն շրջիկ կետերի արտաքին ձևավորումը և այլն»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը:  

 Երևանի քաղաքապետին և ավագանուն տրվելու է լիազորություն սահմանելու այն վայրերը,  որտեղ կարելի է իրականացնել շրջիկ առևտուր, կարգը, պայմանները և այլն: Սահմանվելու է տեղական տուրք ամիսը 50 հազար դրամի չափով, գումարած դրան, առևտուր իրականացնողները պետք է վճարեն յուրաքանչյուր օրվա համար տեղ ընտրելու պարագայում:

«Ասեմ, որ ես հանդիպել եմ շրջիկ առևտուր իրականացնողների հետ և իրենք կողմ են տեղական տուրքին: Իրենք հասկանում են, որ աշխատում են, եկամուտ են ստանում, պետք է վճարեն, այլապես անհավասար մրցակցություն է լինում հարևանությամբ գործող օբյեկտների պարագայում»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Երևանի քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը նշեց, որ խոսքը նման առևտուրն արգելելու մասին չէ, այլ իրավահարաբերությունները, սանիտարական իրավիճակը, արտաքին տեսքը, վայրը, ժամը, ծառայությունները կարգավորելու մասին է:

«Քաղաքապետարանը հակված է այդ տնտեսվարողների հետ համագործակցության: Օրենքի ընդունումից հետո ավագանին իրավական ակտով ավելի մանրամասն գործընթացը կկարգավորի: Ասեմ, որ մենք տարածքների տրամադրումը նախատեսում ենք իրականացնել էլեկտրոնային տարբերակով: Անձը ինքը կարող է տեսնել, թե որ հատվածներն են ազատ ու անձամբ ընտրել: Այսինքն, մարդկային գործոնն այս հարցում նվազեցվում է»,-ասաց Կարեն Համբարձումյանը:  

Թե կոնկրետ որ տարածքներում չի թույլատրվի, դեռ հստակ չէ, նախնական տվյալներով կլինեն պետական հաստատությունների դիմացի, մշակութային օբեյկտների հարևանությամբ տարածքները, կենտրոնական հրապարակները: Սահմանվելու են համապատասխան գծանշված վայրեր, որտեղ թույլատրվելու է կայանել միայն թույլտվություն ունեցող շրջիկ առևտրի կետերին: Այդտեղ կայանած ցանկացած այլ մեքենա  կտարհանվի: Ինչ վերաբերում է ժամային սահմանափակումներին, ապա այն ևս ավագանին կսահմանի, սակայն խիստ նախնական տվյալներով կարող է լինել մինչև 23:00-ն:

Նախագիծը ներկայում դրված է շրջանառության մեջ: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում նախագիծը կառավարության եզրակացությամբ կգնա Ազգային ժողով: Առաջին ընթերցմամբ, ամենայն հավանականությամբ, կընդունվի դեկտեմբերի սկզբին:  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am