Եթե կա խորհրդարան, որտեղ պիտի խոսվի Հայոց Ցեղասպանության մասին, Թուրքիայի Ազգային ժողովն է. Փայլան

Armenpress 12:52, 8 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը հանդես է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Փայլանի գրասենյակից, նա նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի խորհրդարանում՝ գալիք տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ:

«Նախքան 1915 թվականը այս հողերի վրա՝ Սպարտայում, Մերսինում, Ադանայում, Տրապիզոնում, Տրգրանակերտում, Բուրսայում, հայեր էին բնակվում և այս երկրում յուրաքանչյուր հինգից մեկը հայ էր, իսկ հիմա մի մարզադաշտ չենք կարող լցնել, եթե հավաքվենք: Անշուշտ, չգոլորշիացանք: Տեղի ունեցավ մեծ աղետ, որը, դժբախտաբար, 104 տարի ի վեր ժխտում ենք ուրացման քաղաքականությամբ, հրաժարվում ենք խոսել այդ մասին:

Տեսեք, այլ խորհրդարանները խոսում են այդ մասին, իսկ մենք ասում ենք թող չխոսեն: Նյութի մասին, որը վերաբերում է այս տարածաշրջանին, թող խոսվի հենց այս տարածաշրջանում: Եթե այս աշխարհում կա մի խորհրդարան, որտեղ այս մասին պիտի խոսվի, Թուրքիայի Ազգային մեծ ժողովն է, որովհետև մենք այս հողերի զավակներն ենք»,- հայտարարել է Փայլանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am