Տոկիո-2020-ից առաջ ՄՕԿ-ն ուժեղացնում է դոպինգի դեմ պայքարը

Armenpress 16:57, 7 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ,  7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը մասնակցել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) համաժողովին, որն անցկացվել է Լեհաստանի Կրակովիցե քաղաքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: ՄՕԿ-ը մտադիր է մեծ գումարներ ներդնել դոպինգի դեմ պայքարի համար: 

«Միջազգային ֆեդերացիաներին ու ազգային հակադոպինգային կազմակերպություններին լրացուցիչ տարածքներ են հարկավոր դոպինգ-ստուգումները պահպանելու համար: ՄՕԿ-ը պատրաստ է իր վրա վերցնել ֆինանսական պարտավորությունները՝ կապված այդ հարցի հետ: Մեր հաշվարկներով, դրա համար կպահանջվի 5 միլիոն դոլար: Տոկիո-2020 Օլիմպիական խաղերից առաջ դոպինգ-ստուգումների թիվն ամենամասշտաբայինը կլինի վերջին տարիներին: Միջազգային ֆեդերացիաներն ու պետական տարբեր մարմինները պետք է ունենան WADA-ին աջակցելու հստակ ծրագիր»,- ասել է Թոմաս Բախը:

WADA-ի միջոցառմանը մասնակցել են 1700 պատվիրակներ ամբողջ աշխարհից:

Հիշեցնենք, որ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կանցկացվեն 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am