Գիտության կոմիտեն գիտական սարքավորումները մաքսատուրքից ազատելու առաջարկ կպատրաստի

Armenpress 13:42, 6 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեն պատրաստվում է մշակել մի առաջարկ, որով հնարավորություն կտրվի գիտական ֆունդամենտալ հետազոտությունների համար Հայաստան եկող սարքավորումներն ազատել մաքսատուրքից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովում «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկմանը:

«Հաճախ մի շարք երկրների ընկերություններից, համալսարաններից առաջարկություններ ենք ստանում որպես տեխնիկական օգնություն Հայաստան ուղարկել բավականին լավ վիճակում գտնվող ժամանակակից գիտական սարքավորումներ, բայց ստիպված ենք լինում դրանց համար մաքսատուրքեր վճարել: Մենք ուզում ենք մի այնպիսի առաջարկ ներկայացնել կառավարությանը, որ այն սարքավորումները, որոնք զուտ գիտական, ֆունդամենտալ հետազոտությունների համար պետք է օգտագործվեն, ազատվեն մաքսատուրքերից»,-ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ դա շատ կարևոր խնդիր է և հաճախ խանգարում է աշխատելուն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am