ՃՇՀԱՀ-ում երրորդ անգամ հանձնվեց Յուրգիս Բալտրուշայտիս կրտսերի անվան մրցանակը

Armenpress 20:20, 5 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) նոյեմբերի 5-ին կայացել է Յուրգիս Բալտրուշայտիս կրտսերի անվան ամենամյա մրցանակաբաշխության ավարտական փուլը: Ուսանողները Լիտվայի Հանրապետության դեսպանության, «Պետրոս Ալոյան» հիմնադրամի, «Մեդիամաքս» լրատվական գործակալության և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներկայացուցիչներից բաղկացած հանձնախմբին են ներկայացրել իրենց աշխատանքները: Քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել Լեռնիկ Գալստյանը, որին հանձնվել 1500 եվրո մրցանակը և հավաստագիրը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՃՇՀԱՀ-ի մամուլի խոսնակ Ժասմեն Վիլյանը:

«Սպասելիքս այն է, որ այս նախագիծը շարունակական կլինի, քանի որ այն երիտասարդ ապագա ճարտարապետների համար հնարավորություն է ստեղծում բարձրացնել մասնագիտական հմտությունները և վստահություն է տալիս սեփական ունակությունների հանդեպ։ Հուսով եմ, որ այսօր հաղթող ճանաչված ուսանողի համար այս առաջին մրցանակով նրա մասնագիտական կյանքում սկիզբ կդրվի նոր ձեռքբերումների՝ իր հարուստ և գեղեցիկ մասնագիտական ճանապարհում»,- շնորհավորելով մրցանակակրին և շնորհակալություն հայտնելով մրցույթին մասնակից մյուս չորս ուսանողներին կատարված աշխատանքների համար, ինչպես նաև մրցանակաբաշխությունը կազմակերպող բոլոր կողմերին՝ ասել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչիկիենեն:

Նա նաև նշել է․«Բալտրուշայտիսը ոչ միայն տևական ժամանակ է հատկացրել հին Հայաստանի հնագիտական ուսումնասիրություններին, այլև փորձել է վերլուծել հին հայկական ճարտարապետության ազդեցությունը արևմտյան Եվրոպայի ճարտարապետության վրա, հատկապես գոթական ժամանակաշրջանում։ Ցանկանում եմ մրցույթի բոլոր մասնակիցներին, որ Բալտրուշայտիսի անվան մրցույթը խթանի  մասնագիտական կարողությունները զարգացումը, և ապագայում նրանց աշխատանքները լինեն արժեքավոր ոչ միայն Հայաստանի համար, այլև դրանցով հպարտանան եվրոպացիները»։

Կանոնակարգի համաձայն՝ լավագույն ավարտական աշխատանքների նախնական փուլում համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի գիտական խորհրդի կողմից ընտրվել է հայտ ներկայացրած ուսանողական նախագծերից 5 աշխատանք:

Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ, «Մեդիամաքս» լրատվական գործակալության օժանդակությամբ, «Պետրոս Ալոյան» հիմնադրամի հովանավորությամբ և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համատեղ 2017թ. սահմանվել է լիտվացի պատմաբան, արվեստաբան և համեմատական արվեստի հետազոտությունների հիմնադիր, հայկական պատմաճարտարապետական ժառանգության ուսումնասիրման և հանրահռչակման գործում մեծ ավանդ ունեցող Յուրգիս Բալտրուշայտիս կրտսերի անվան ամենամյա մրցանակ՝ «Պատմաճարտարապետական ժառանգության պահպանում և վերականգնում» անվանակարգով՝ 5 տարի ժամկետով:

Ամենամյա մրցանակը շնորհվում է համալսարանի  ճարտարապետության ֆակուլտետի  մագիստրատուրայի առաջին կուրսն ավարտած  և մրցույթով հաղթած լավագույն նախագծի  հեղինակին։ Հաղթած ուսանողին տրամադրվում է  մրցանակային գումար՝ 1500 եվրո: Մրցույթում հաղթող ուսանողը դրամական պարգևի հետ միասին ստանում է Լիտվայի Հանրապետության դեսպանության, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և «Պետրոս Ալոյան» հիմնադրամի կողմից տրված հավաստագիր:

2017թ. մրցանակին արժանացել է ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Շողեր Խաչատրյանը, 2018թ.՝ Վարդգես Շահմենենդյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am