1000х90.jpg (78 KB)

Քոչարյանին գրավի դիմաց ազատելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին

Armenpress 16:17, 5 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝մեղադրյալին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ քննարկումը:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատարանը որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին, ժամը 12:00-ին: Միջնորդությանը առարկեցին մեղադրանքի կողմը և տուժողների ներկայացուցիչները:

Դատախազ Գևորգ Բաղդասարյանն առաջարկեց հնարավորինս շուտ անցնել դատաքննությանը, որպեսզի կողմերը կարողանան հարցաքննել այն վկաներին, ում վրա ներգործելու որոշակի ռիսկեր կան:

Բաղդասարյանը պնդեց, որ Քոչարյանի կողմից առկա են քննությունից թաքնվելու և վկաների վրա ազդեցություն ունենալու ռիսկեր:

«Քննությանը խոչընդոտելու ռիսկն առկա է, և դա պայմանավորված է սույն քրեական գործով հաստատված փաստական հանգամանքներով: Սույն քրեական գործով ապացույցներ են առկա այն մասին, որ 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի հայտնի իրադարձություններից հետո բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում` նախագահի աշխատակազմում աշխատող անձինք ներգրավվել են տեղի ունեցածը քողարկելու գործընթացին` հատկապես Զինված ուժերի ներգրավումը, զինծառայողների կողմից կրակոցներ արձակելու հանգամանքը քողարկելու: Սույն գործով հաստատված է, որ մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների ժամանակ բանակի ներգրավման հանգամանքը քողարկելու նպատակով փոխվել են բանակի տրանսպորտային միջոցների պետական համարանիշերը»,- ասաց Բաղդասարյանը:

Հոկտեմբերի 15-ին նիստը հետաձգվել էր Ռոբերտ Քոչարյանի բացակայության պատճառով, որը վիրահատությունից հետո չէր ներկայացել նիստին։ Հայաստանի երկրորդ նախագահի կալանքի տակ է հունիսի 25-ից:

Ըստ Datalex դատական տեղեկատվական համակարգի` 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am