Հունաստանի նախագահը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Armenpress 14:16, 5 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը նոյեմբերի 5-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հունաստանի նախագահին ուղեկցում էին Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը։

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը նախագահ Պավլոպուլոսին ներկայացրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ստեղծման պատմությունը։ Հունաստանի նախագահը նաև շրջայց կատարեց թանգարան-ինստիտուտում, գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում:

«Հայոց ցեղասպանության հիշողությունը պետք է պահպանվի, չէ որ եթե ցեղասպանությունները մոռացվեն, այդ հանցագործությունները նորից կկրկնվեն: Սա ուղերձ է Երևանից բոլորին: Տեսնում ենք, որ աշխարհում նմանատիպ իրադարձությունները կրկնվում են, և կան անձինք, ովքեր թշնամի են մարդուն և քաղաքակրթությանը: Մենք վերապրել ենք նույն սարսափը, ինչ հայերը: Անչափ շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության նախագահին և կառավարությանը մեզ հյուրընկալելու համար, որովհետև հայ-հունական հարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն, և մենք պետք է պահպանենք այս ընդհանուր հիշողությունը»,-  լրագրողների հետ զրույցում ասաց Հունաստանի նախագահը:

Այնուհետև Պրոկոպիոս Պավլոպուլոսը Ծիծեռնակաբերդի ծառուղում խորհրդանշական եղևնի տնկեց:

1996 թվականի ապրիլի 25-ին Հունաստանի խորհրդարանը որոշում էկայացրել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: 2014 թվականի սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանն ընդունել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am