Վաղարշակ Հարությունյանը լուրջ խնդիր է համարում ՀԱՊԿ անդամ պետության կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը

Armenpress 16:52, 4 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը լուրջ խնդիր է համարում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետության կողմից մյուս պետության հակառակորդին զենքի վաճառքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հարությունյանն ասաց նոյեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում, պատասխանելով կազմակերպության անդամ պետության կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցին:

«Դա լուրջ խնդիր է: Երբ մենք ասում ենք կոլեկտիվ անվտանգություն, հիմքում դրված է մի օրենք, որ սպառնալիքը մեկ պետության համար, սպառնալիք է բոլոր պետությունների համար: Պետությունները չպետք է անեն քայլեր, որոնք ուղղված կլինեն որևէ պետության ռազմական անվտանգության դեմ: Զենք վաճառելը գործում է այդ տրամաբանության մեջ: Դրա մասին պետք  է խոսվի, և լուծում գտնվի»,- ասաց Հարությունյանը:

2018 թվականի հունիսի 11-ին հայտնի էր դարձել, որ Բելառուսը «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը մատակարարել է Ադրբեջանին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 11-ին մասնակցել էր Ադրբեջանի  պաշտպանության նախարարության հրթիռային զորամասի բացման արարողությանը, և ՊՆ պաշտոնական կայքում զետեղված լուսանկարներում երևում էին բելառուսական արտադրության «Պոլոնեզ»-ները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am