Հունվարի 1-ից կբարձրանան աշխատանքային և զինվորական կենսաթոշակներն ու որոշ նպաստների չափերը

Armenpress 19:35, 1 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2020թ. հունվարի 1-ից ծրագրում է բարձրացնել աշխատանքային և զինվորական կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարար Զարուհի Բաթոյանը:

Մասնավորապես, նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից սահմանել` նվազագույն կենսաթոշակի չափը` 26500 դրամ (25500 դրամի փոխարեն), աշխատանքային և զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 18000 դրամ (16000 դրամի փոխարեն), աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին տասը տարվա համար՝ 950 դրամ (800 դրամի փոխարեն), ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` 26500 դրամ (25500 դրամի փոխարեն): Նախատեսվում է, որ կբարձրանա շուրջ 33 646 զինկենսաթոշակառուների, 468 761 աշխատանքային կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերը»,- գրել է Բաթոյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am