ԱՄՆ Հայ դատը Ցեղասպանության ճանաչման բանաձևը օրակարգ բերելու քննարկումներ կունենա սենատորների հետ

Armenpress 15:15, 1 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն ինտենսիվ աշխատանք է ծրագրում Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 150 բանաձևը Սենատում շուտափույթ ներկայացնելու և քվեարկելու ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայ դատի ԱՄՆ Արեւմտյան շրջանի հանձնախմբի տնօրեն Արմեն Սահակյանը:

«Սենատում 150-րդ բանաձևը ներկայացվել է այս տարվա ապրիլին։ Այս պահի դրությամբ բանաձևն ունի Սենատի 21 անդամի ուղղակի աջակցություն։ Աշխատանքներ են տարվում այս թիվը մեծացնելու ուղղությամբ և շուտափույթ կերպով ներկայացնելու Սենատի լիագումար նիստին քվեարկության համար։ Գործընթացային տեսանկյունից Սենատը տարբերվում է Ներկայացուցիչների պալատից և ժամկետների մասով էլ դեռևս անորոշ է. դժվար է ասել, թե երբ այն կներկայացվի քվեարկության»,-նշեց Արմեն Սահակյանը:

Հայ դատի ԱՄՆ Արեւմտյան շրջանի  հանձնախմբի «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ սկսում են համակարգել տարբեր հանդիպումների ևս մեկ փուլ այն սենատորների գրասենյակների հետ, որոնք պայքարում են Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 11-ը:

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am