1000х90.jpg (78 KB)

Հայաստանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախագահությունը փոխանցեց Թունիսին

Armenpress 21:27, 31 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնակոյում, Ֆրանկոֆոնիայի 36-րդ նստաշրջանի նախարարական համաժողովի շրջանակներում հոկտեմբերի 30-31-ը կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների եւ կառավարությունների ներկայացուցիչ նախարարների հանդիպման ավարտին Ֆրանկոֆոնիայի նախորդ գագաթնաժողովը հյուրընկալող Հայաստանը գագաթնաժողովի նախագահությունը փոխանցեց Թունիսին։ Այդ երկրի մայրաքաղաք Թունիսում էլ կկայանա ՖՄԿ 18-րդ գագաթնաժողովը՝ անդամակից երկրները միավորելով «Փոխկակցվածությունը՝ բազմազանության մեջ. զարգացման և համերաշխության թվային վեկտորը ֆրանսախոս աշխարհում» կարգախոսի ներքո։  Հանդիպումը  նախագահել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ՖՄԿ-ի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունից, Ֆրանկոֆոնիայի 36-րդ նստաշրջանը աչքի է ընկել 36 նախարարի եւ 5 պետնախարարի մասնակցությամբ։

Նախարարները մտքեր են փոխանակել Մոնակոյի Իշխանության կողմից առաջարկված թեմայի շուրջ, որն էր «Հաշտեցնել մարդկությունը եւ մոլորակը», ինչպես նաեւ անդրադարձել են ՖՄԿ 50-ամյակի նախօրեին Կազմակերպության ապագայի եւ ուղղությունների շուրջ թիրախային հարցերին։

Բացի գլխավոր քարտուղարի առաջարկած բարեփոխումների ծրագրից, որն արժանացավ բուռն աջակցության, Համաժողովը հավանության արժանացրեց ՖՄԿ 2020 թվականի բյուջեի վերանայված նախագծին, 2019-2020թթ. համար վերանայված ծրագրակազմին, ինչպես նաեւ օվկիանոսների, ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների Կոնվենցիայի ընդունման 30-ամյակի, գիտության, կրթության եւ թվային տնտեսության զարգացման գործում նորարարության դերի, Ֆրանկոֆոնիայի 20-ամյակի վերաբերյալ բանաձևերին։

Նախարարները նաեւ հավանություն են տվել Ֆրանոկոֆոնիայի 9-րդ խաղերը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Կինշասա քաղաքում անցկացնելու առաջարկությանը։ Խաղերը կանցկացվեն են 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը։

Երևանում 2018թ. հոկտեմբերին անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել կազմակերպության անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար: Հոկտեմբերի 11-ի նիստի ընթացքում ՖՄԿ գագաթնաժողովի նախագահության լիազորությունները Մադագասկարից փոխանցվեցին Հայաստանին: Հիմնվեց համաժողովի բյուրոն, մասնակիցները հաստատեցին օրակարգի նախագիծն ու ծրագրավորեցին աշխատանքները: Հոկտեմբերի 12-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար ընտրվեց Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Մուշիկիվաբոն: Գագաթնաժողովի թեման էր «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել էր նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության և բարգավաճման։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am