1000х90.jpg (78 KB)

Հայաստանում արվեստը լինելու է ազատ. Արայիկ Հարությունյան

Armenpress 18:11, 31 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կարևորում է, որ Հայաստանում արվեստը լինի ազատ ու մտացածին հիմքերով համերգներ, միջոցառումներ չչեղարկվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Սատանիզմի հիմքով, մտացածին հիմքերով համերգներ չեղարկելն այլևս չի լինելու: Արվեստը լինելու է ազատ, քանի որ անկախ պետության կարևորագույն գրավականներից մեկն ազատ արվեստն է»,-ասաց Հարությունյանը:

Նա նշեց՝ իր նախարարության օրոք մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու: «Եթե գեղագիտական խորհուրդները, որոնցում ընդգրկված են անվանի մասնագետներ, որոշում են կայացնում և ասում, որ տվյալ գործը՝ կլինի ֆիլմ, քանդակ, թատերական ներկայացում, արժանի է, որպեսզի պետությունը դրան ուշադրություն դարձնի՝ թեկուզ գործի 10 տոկոսով, այդ գեղագիտական խորհրդի որոշումներն ի կատար են ածվելու»,-ասաց նախարարն ու նշեց՝ դա բոլորը պետք է շատ հստակ իմանան:

Օրեր առաջ Տիկնիկային թատրոնում չեղարկվել էր լեհական Vader ռոք խմբի համերգը: Մինչև համերգի չեղարկումը սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, թե  խմբի մենակատարն իբր սատանիստ է, ինչը որոշ անձանց շրջանում բողոքի ալիք էր բարձրացրել: Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը լրատվամիջոցների մեկի հետ զրույցում նշել էր, որ  եթե թատրոնն իր սեփականությունը լիներ, չէր մերժի դրա անցկացումը, սակայն քանի որ այն պետական է, չի կարող թույլ տալ, որ որևէ բան ազդի թատրոնի հեղինակության վրա: Նա նշել էր, որ անգամ սպառնալիքներ են եղել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am