1000х90.jpg (78 KB)

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ սակրավորները ականազերծել են 116000 քմ տարածք

Armenpress 18:05, 31 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱն, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների երրորդ խմբի սակրավորները հոկտեմբերի 8-ից մինչև հոկտեմբերի 30-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ ականազերծել են 1500 քմ տարածք։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը, ընդհանուր առմամբ՝ փետրվարի 15-ից մինչ օրս հայ մասնագետները 116000 քմ տարածք են մաքրել։

Նույն ժամանակահատվածում մարդասիրական խմբի բժիշկները մասնագիտական օգնություն են ցուցաբերել 688 մարդու։ Հայաստանցի բժիշկները սիրիացի մասնագետների հետ գործակցությամբ իրականացրել են հիվանդ զինվորականների և տեղի խաղաղ բնակչության հետազոտություններ ու բժշկական միջամտություններ։

Վիրաբուժական օգնություն է ստացել 39 քաղաքացի, էնդոկրինոլոգին դիմել է 76 մարդ, թերապևտիկ պրոֆիլների հիվանդների թիվը 86 է, դիմածնոտային հետազոտության է ենթարկվել 11 մարդ, գինեկոլոգները բուժել են 191, մաշկաբանները՝ 104, ատամնաբույժը՝ 13 հիվանդի։ Հայ մասնագետներն աջակցել են 108 երեխայի: Ընդհանուր առմամբ՝ փետրվարի 15-ից մինչ օրս բժշկական օգնություն է ցուցաբերվել 6288 քաղաքացու։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am