Զգուշացում Թուրքիային. Քաղաքագետի դիտարկումները Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի մասին

Armenpress 12:52, 30 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը ընդհանուր աշխարհաքաղաքական գործոնների համընկնման արդյունք է: Քաղաքական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Նարեկ Գալստյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այս գործընթացը պետք է դիտարկել ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների հարթությունում:

«Մակերեսային դիտարկումը թույլ կտա տեսնել, որ սա ընդհանուր աշխարհաքաղաքական գործոնների համընկնման արդյունք է: Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ի հարաբերությունները Թուրքիայի հետ վերջին շրջանում մեղմ ասած այնքան էլ լուսավոր չեն: Կարող ենք ասել, որ սա ԱՄՆ-ի ու Հայաստանի շահերի համընկման արդյունք էր, որը դրսևորվեց բանաձևի տեսքով»,-ասաց Նարեկ Գալստյանը:

Քաղաքագետի խոսքով, այս բանաձև ունի քաղաքական լուրջ նշանակություն: Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը Թուրքիայի համար նախազգուշացնող քայլ կարող է դիտվել: Իհարկե, այդ նախազգուշացումն ուղղված է ոչ թե Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն, այլ այն պետք է դիտարկել ԱՄՆ-Թուրքիա հարթության մեջ:

«Նպատակն այն է, որ կարողանան Թուրքիային ինչ-որ քայլերից հետ պահել: Պատմությունը հիշելով, կարող ենք տեսնել, որ աշխարհաքաղաքական խաղերում հայկական հարցը մշտապես օգտագործվել է, դա նորություն չէ: Բայց կարող ենք ասել, որ այստեղ մի իրավիճակ է, երբ համընկնում են նաև ԱՄՆ-ի և Հայաստանի շահերը»,-ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով բանաձևին՝ քաղաքագետը նշեց, որ այն ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կարծիքն է ԱՄՆ-ի քաղաքականության վերաբերյալ: Այսինքն՝ սա ոչ թե օրենքի ուժ ունեցող պարտադիր մի փաստաթուղթ է, որով պետք է առաջնորդվեն պետական բոլոր կառույցները, այլ Ներկայացուցիչների պալատի բանաձևն է:

«Նման պրակտիկա միջազգային ասպարեզում կա: Օրինակ, ԵՄ խորհրդարանը բանաձևերով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, բայց դա չի նշանակում, որ Եվրոպական միությունն ամբողջությամբ որպես կառույց է ճանաչել և չի նշանակում, որ անդամ պետությունները բոլորը ճանաչել են»,-հավելեց քաղաքագետը: Նա նկատեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի փաստաթուղթն է, որ կարիք չունի Սենատի կողմից հաստատվելու:  

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել, 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am