Արդարադատության նախարարության բյուջեն կավելանա 344 մլն դրամով

Armenpress 12:28, 30 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արդարադատության նախարարության բյուջեն 2020թ. կավելանա 344 մլն դրամով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Արդարադատության նախարարությանը 2020թ. բյուջեով հատկացված է 17.3 մլրդ դրամ, որը շուրջ 344 միլիոն դրամով ավելի է նախորդ տարվա բյուջեի համեմատ»,- ասաց Ջանջուղազյանը:

Ջանջուղազյանը նշեց, որ նախատեսված ֆինանսական միջոցների տեսակարար կշիռ ուղղվելու է քրեակատարողական համակարգի պահպանմանը:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադառնալով նախարարության ծառայողական մեքենաների թվին՝ նշեց, որ մինչև 2019թ. ավարտը դրանց թիվը կրճատվելու է:

«Այս պահին նախարարությունում առկա է 9 տրանսպորտային միջոց, որոնցից մինչև տարվա վերջ մնալու են 4-ը: Արդեն համապատասխան գործընթացը սկսված է»,- ասաց Բադասյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am