Երևանի քաղաքապետարանը նախատեսում է արդիականացնել մետրոպոլիտենի շարժասանդուղքները և շարժակազմը

Armenpress 17:24, 29 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ավելի քան 4 մլրդ դրամի շրջանակում մետրոպոլիտենի շարժասանդուղքների և շարժակազմի արդիականացման և վերազինման ծրագիր իրականացնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներին հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

«Երևանի մետրոպոլիտենի մասով՝ 4 մլրդ 96 մլն դրամի շրջանակում նախատեսվել է  Երևանի մետրոպոլիտենի շարժասանդուղքների և շարժակազմերի արդիականացման և վերազինման ծրագիր: Դրա նախագիծն արդեն  մշակված է, և շուտով արդեն կմեկնարկեն այս աշխատանքները, եթե բյուջեն հաստատվի այս տեսքով»,-ասաց փոխքաղաքապետը:

Նա նշեց` 2019-ի համեմատ 2020-ին պետական բյուջեից պլանավորվող մուտքերն ավելացել են 20 մլրդ դրամով: Հիմնական ավելացումը պայմանավորված է վարկային և  դրամաշնորհային միջոցների` մյուս տարվա բյուջե փոխանցմամբ: «Ընդհանուր առմամբ ակնկալվում են պետական բյուջեից Երևանի բյուջե 77 մլրդ 976 մլն դրամի մուտքեր, որը բաղկացած է սուբվենցիոն ծրագրերից` պատվիրակված լիազորությունների շրջանակում ակնկալվող ֆինանսավորումներից և բյուջետային համահարթեցման շրջանակում համայնքներին տրամադրվող դոտացիայից»,-նշեց Սարգսյանը:

Երևանի արտաքին լուսավորչության ծրագրով քաղաքապետարանն ակնկալել է ավելի շատ միջոցներ, սակայն ֆինանսավորումը պահպանվել է նախորդ տարվա մակարդակում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am