Քաղաքապետարանն ու ներդրողը համաձայնության են եկել մետրոյի նոր կայարանի կառուցման շուրջ

Armenpress 17:00, 29 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աջափնյակում մետրոյի նոր կայարանի կառուցման համար Երևանի քաղաքապետարանը մասնավոր ներդրողի հետ արդեն ձեռք է բերել նախնական պայմանավորվածություն, նախանշվել է կայարանի կառուցման վայրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

«Բանակցությունները հասել են մետրոյի կայարանի և կամուրջի նախագծման փուլին: Ունենք նախնական համաձայնություն, որ ներդրող կողմը կֆինանսավորի հենց  նախագծային փուլից սկսած»,-ասաց փոխքաղաքապետը:

Նա նշեց, որ  ներդրողին կառաջարկվի բիզնես մոդել` մետրոյի վերջնակետում` կայարանից վեր մոլ կամ բիզնես կենտրոն կառուցել:

Սարգսյանի խոսքով` վերջերս Երևան են այցելել ներդրողի կողմից ներգրավված մետրո շինարարները, ովքեր ուսումնասիրություն են կատարել թե Հրազդանի կիրճի, թե թունելի հատվածում` հասկանալու ծրագրի նախնական իրագործելիությունը: Արդյունքում նրանց հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախագիծը կիրականացվի:

«Կքննարկվի բիզնես մոդելը, որն իրենք կմշակեն և կներկայացնեն` մեր տված պարամետրերի հիման վրա, և կիրականացվի մետրոպոլիտենի շինարարությունը: Հույս ունենք, որ հաջորդ տարի` գարնանից սկսած, կտրվի որոշակի աշխատանքների մեկնարկ»,-ասաց Սարգսյանը:

Նա նշեց` այս պահին ներդրողի հետ քննարկվող նախագծով՝ Հրազդանի կիրճի հատվածը կանցնի կամուրջով, դուրս կգա թունելից և կամրջի վրա կկառուցվի մետրոյի կայարան, որը հնարավորություն կտա շարունակելիությունն ապահովել մինչև հաջորդ կայարան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am