Ճանապարհների փակ լինելը խանգարում է գործընթացներին. Գրիգորյանն անդրադարձավ Ամուլսարի հարցին

Armenpress 15:25, 29 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը կարծում է, որ Ամուլսարի հանքի հարցով բնակիչների կողմից ճանապարհներ փակելն իրենց ավելի խոցելի է դարձնում` որոշակի գործընթացներ իրականացնելու  տեսանկյունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Ներկայացված են գործողություններ, ծրագիր և ազդեցություններ, որտեղ պետական մարմինները, Ակադեմիայի ինստիտուտները և «Էլարդ»-ը որոշակի անհամապատասխանություններ են տեսել: Գործընթացը քննչականն իրականացնում է, տեսչականը ներգրավված է: Եթե կպարզվի, որ ներկայացված որոշակի տվյալներ կամ գործընթացներ կան, որոնք հակասում են մեր օրենքին, ապա դա ունի հետևանք, եթե կպարզվի` ոչ, դա նույնպես ունի հետևանք: Իսկ ինչ վերաբերվում է աշխատել-չաշխատելուն, ճանապարհներին, արդեն նշել եմ` ճանապարհների փակ լինելը մեզ ավելի խոցելի է դարձնում այդ գործընթացներն իրականացնելու համար»,-ասաց նախարարը:

Գրիգորյանի կարծիքով` ճանապարհների փակ լինելը խանգարում է այն գործընթացներին, որ իրենք իրականացնում են` ուսումնասիրելով ազդեցությունները, ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը: «Դա մեզ խոցելի է դարձնում, որովհետև ըստ էության «Լիդիան Արմենիա»-ն այս պահին չի բողոքարկում, թե  իր ՇՄԱԳ-ի մեջ որևէ խնդիր կար, թե չկար: Նա բողոքում է, որ ՀՀ-ն չի ապահովում, որ նա մտնի և իրականացնի Հայաստանի կողմից լիցենզիաներով իրեն տրված տնտեսական գործունեությունը»,-ասաց նախարարը:

Նա շեշտեց` իրականացնում են իրենց գործողությունները, որը վերաբերում է շրջակա միջավայրի ոլորտում  քաղաքականությանը:

Էրիկ Գրիգորյանն ավելի վաղ հայտնել էր, որ ուսումնասիրել են «Էլարդի» տվյալները, նաև հարցումներ են ուղարկել մի շարք պետական մարմինների, օրինակ «Հիդրոմետ»-ին, որը տվել է տեղեկատվություն գոլորշիացման հետ կապված: Օրինակ, «Էլարդը» նշել է, որ կան խնդիրներ գոլորշիացման հետ կապված, գերագնահատված է գոլորշիացումը: «Հիդրոմետը» ևս ասել է, որ գոլորշիացումը 3 անգամ ավել է ներկայացված եղել: Նա նշել էր, որ հիմա այնտեղ կան տվյալներ, որոնք պետք է ուսումնասիրվի Քննչական կոմիտեում հարուցված քրգործի շրջանակներում, այն վերլուծությունը, որ իրենք ուղարկել են վարչապետի աշխատակազմ, այնտեղ կա որոշակի առաջարկություն նախագծի որոշակի փոփոխության վերաբերյալ: Իրենք 12 կետով ներկայացրել են մեր մտահոգությունները, այն անհամապատասխանությունները, որոնք գտել են «Էլարդի» եզրակացության և Ակադեմիայի աշխատանքների հիման վրա:

ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդևազ գյուղի և Ջերմուկ քաղաքի մի խումբ ակտիվիստներ փակել էին Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհը՝ այդ կերպ ներկայացնելով իրենց բողոքն ընդդեմ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am