1000х90.jpg (78 KB)

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հսկայական աշխատանք է կատարել վերջին 4 տարում. Փաշինյան

Armenpress 19:38, 25 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի իր ելույթում նշեց, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան 4 տարվա գործունեության ընթացքում իսկապես մեծ ծավալով աշխատանք է կատարել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը շեշտեց, որ ԵԱՏՄ ինստիտուտների ստեղծման և ամրապնդման առումով, շոշափելի արդյունքներ են գրանցվել:

«Կարծում եմ, որ գրեթե չորս տարվա գործունեության ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իսկապես հսկայական աշխատանք է կատարել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժման ազատության սկզբունքների գործնական իրականացման առումով: Շոշափելի արդյունքներ են գրանցվել Եվրասիական տնտեսական միության ինստիտուտների ստեղծման և ամրապնդման տեսանկյունից: Հպարտությամբ կարելի է արձանագրել, որ մեր կազմակերպությունը հսկայական քայլ է կատարել միջազգային տնտեսական համակարգում իր տեղի ու դերի հաստատման ուղղությամբ՝ համագործակցության բազմազան փաթեթով»,- ասաց Փաշինյանը:

Նա գոհունակությամբ նշեց ձեռք բերված արդյունքները և ընդգծեց նորմատիվ իրավական բազայի հետագա կատարելագործման, թերությունների և սահմանափակումների վերացման, տնտեսության հիմնական ճյուղերում քաղաքականությունը համակարգելու և բիզնեսի վրա բյուրոկրատական բեռը թեթևացնելու անհրաժեշտությունը:

«Մեր առջև ծառացած են լայնածավալ խնդիրներ, որոնք ուղղված են մեր երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը: Այս խնդիրներից մեկը ոգելից խմիչքների ընդհանուր շուկայի գործունեության համար իրավական դաշտի ստեղծումն է: «ԵԱՏՄ շրջանակներում ալկոհոլային շուկայի կարգավորման մասին» համաձայնագրի վերջնական համաձայնեցումը, որը հիմնված է խտրականության և մրցակցության սահմանափակման անթույլատվության սկզբունքների վրա, կլինի ևս մեկ քայլ առկա խոչընդոտները վերացնելու համար: Միության ներքին շուկայում թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված արտադրանքի ազատ շրջանառությունն ապահովելու համար պայմանների ստեղծումը նույնպես պատկանում է այդ խնդիրների շարքին: Կարծում եմ, որ համապատասխան միջազգային պայմանագրի ստորագրումը թույլ կտա ձևավորել փոխշահավետ առևտրատնտեսական մեխանիզմներ, որոնք ուղղված են անդամ պետությունների մրցակցային առավելությունների ստեղծմանը»,- նշեց ՀՀ վարչապետը:

Նա շեշտեց, որ պայմանագիրը թույլ կտա վերացնել գոյություն ունեցող սահմանափակումը, որը կապված է դրոշմանշանների փոխադարձ ճանաչման բացակայության հետ:

Փաշինյանն ասաց, որ այս համատեքստում, «Երրորդ երկրների շուկաներում ԵԱՏՄ անդամ պետությունների ոսկերչական զարդերի խթանմանն ուղղված գործողությունների ծրագրի» հաստատումը, իր հերթին, կնպաստի մրցակցության բարձրացմանը, արտահանման աճին և հզոր ազդակ կհաղորդի մեր երկրներում այդ ոլորտի զարգացմանը:

«Որքան մոտենում է 2020 թվականի փետրվարը, այնքան ավելի արդիական են դառնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նոր կազմի ձևավորման հարցերը: Մենք կարծում ենք, որ ռոտացիոն մեխանիզմի ընտրությունը կարող է հիմք դնել գործառույթի արդար վերաբաշխման համար՝ հիմնվելով միմյանց շահերի հավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա: Ինչպես ես բազմիցս նշել եմ, 2019 թվականին ԵԱՏՄ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության հիմնական գերակայություններից մեկն արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացումը և ազատ առևտրի համաձայնագրերի աշխարհագրության ընդլայնումն է»,- ասաց Փաշինյանը:

Նա շնորհավորեց բոլորին ազատ առևտրի մասին հաջորդ համաձայնագրի կապակցությամբ և նշեց, որ այսօր՝ հոկտեմբերի 25-ին այն կստորագրվի բարեկամ Սերբիայի հետ:

«Հայաստանը մտադիր է ամբողջովին օգտվել բոլոր մեխանիզմներից, որոնք մեզ տալիս է այս պայմանագիրը: Միության միջազգային գործունեության նպատակների և խնդիրների իրականացման համատեքստում ևս մեկ կարևոր իրադարձություն է Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրի և տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելը: Չնայած այն բանին, որ համաձայնագիրը չի նախատեսում տուրքերի վերացում կամ ոչ սակագնային խոչընդոտների ավտոմատ իջեցում, այլ կրում է ոչ արտոնյալ բնույթ, այն առևտրի ընթացակարգերի, թափանցիկության և առևտրային համագործակցության բոլոր ոլորտներում փոխգործակցության մակարդակի բարձրացման միջոցով կբարելավի ԵԱՏՄ երկրներից ՉԺՀ շուկա ապրանքների մուտքի պայմանները»,- ասաց Փաշինյանը:

Եզրափակելով խոսքը, ՀՀ վարչապետը շեշտեց, որ այսօրվա նիստը Միջկառավարական խորհրդի վերջին նիստն է, որին ինքը մասնակցում է որպես նախագահող:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am