Նիկոլ Փաշինյանը ողջունել է Հայաստան այցելելու Լուիզ Մուշիկիվաբոյի նախաձեռնությունը

Armenpress 20:33, 24 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հատուկ խորհրդական Դեզիրե Նյարուհիրիրային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Դեզիրե Նյարուհիրիրան վարչապետին է փոխանցել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի ջերմ ողջույններն ու նշել, որ տիկին Մուշիկիվաբոն նախատեսում է գալիք տարեսկզբին այցելել Երևան՝ հանդիպելու կազմակերպությունում նախագահող երկրի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկելու կազմակերպության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր: Դեզիրե Նյարուհիրիրան վարչապետին է ներկայացրել 2020 թվականին Թունիսում նախատեսվող ՖՄԿ գագաթնաժողովի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի՝ ՀՀ այցելելու նախաձեռնությունը և նշել, որ բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը՝ կստանան հայկական կողմի աջակցությունը:

Հանդիպման շրջանակում վերաստորագրվել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի պարտականությունների ստանձնման առնչությամբ աշխատանքային՝ նախկինում արդեն իսկ ստորագրված պայմանագիրը՝ որոշակի փոփոխություններով:

 

 

               

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am