Սփյուռքի հանձնակատարը Ֆրանսիայից կպահանջի հայկական հաստատություններում ապահովել անվտանգությունը

Armenpress 15:22, 24 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար  Զարեհ Սինանյանը Ֆրանսիայի իշխանություններից կպահանջի հավուր պատշաճի անվտանգություն ապահովել ֆրանսահայ կրթական և մշակութային հաստատությունների համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սինանյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ անդրադառնալով Սևրի Մխիթարյան միաբանության Սամուել-Մուրադյան վարժարանի վրա հարձակման դեպքին:

«Զրուցեցի Վարդապետ Հարություն Պզտիկյանի (Մխիթարյան միաբանության անդամ) հետ։ Փարիզի Սամուել-Մուրադյան վարժարանին հասցված վնասը շատ ավելի մեծ է քան կարելի էր պատկերացնել»,-գրել է Սինանյանը:

Նա նկատել է, որ դա արդեն երկրորդ նման հարձակումն է հայկական մշակութային կենտրոնների դեմ: Նա նման վանդալիզմը համարել է անընդունելի: «Հաջորդ օրերին Ֆրանսիայի իշխանություններից պահանջելու ենք հավուր պատշաճի անվտանգություն ապահովել ֆրանսահայ կրթական և մշակութային հաստատությունների համար»,-նշել է Սինանյանը:

Հոկտեմբերի 23-ին հայտնի էր դարձել, որ Փարիզի հյուսիսում հարձակում է կատարվել Սամուել-Մուրադյան հայկական վարժարանի վրա։ Հոկտեմբերի 20-ին ՀՀ դեսպանությունը տեղեկացրել էր նաև, որ հարձակում է կատարվել  Nouvelles d'Arménie-ի գրասենյակի վրա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am