ԱԺ-ն քննարկում է մարզում սննդի ոլորտի գործունեություն իրականացնողների արտոնությունից օգտվելու հարցը

Armenpress 15:51, 23 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենքի նախագիծը, որով առաջարկվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարել նաև մարզերում հանրային սննդի ոլորտում շրջանառության 24 մլն դրամի շեմը չգերազանցող գործունեություն իրականացնողներին և ընձեռել նախատեսվող հարկային արտոնությունից օգտվելու հնարավորություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց պատգամավոր Մանե Թանդիլյանը:

«Հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում 2020-ի հունվարին ուժի մեջ է մտնելու միկրոձեռնարկատիրության սուբյեկտի գաղափարը, որով նախատեսվում է մինչև 24 մլն դրամի շրջանառություն ունեցող տարբեր ձեռնարկություններին ազատել տարբեր տեսակի հարկերից:  Սակայն կան սահմանափակումներ, թե որոնք են այդ ձեռնարկատիրությունները կամ գործունեության ոլորտները, որոնք կարող են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ և օգտվել արտոնությունից: Մենք առաջարկում ենք այդ բացառությունների շարքից հանել մարզերում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողներին»,-ասաց Թանդիլյանն ու հավելեց՝ այսինքն մինչև 24 մլն դրամ շրջանառության շեմ ունենալու դեպքում դրանք կազատվեն որոշակի հարկերից:

Նա նշեց, որ նախագծի նախնական տարբերակով առաջարկել էին բացառությունների շարքից հանել հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող բոլոր ձեռնարկություններին՝ ինչպես նաև Երևանի վարչական սահմաններում առևտրական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին, ԱՁ-ներին, այնպես էլ Երևանի վարչական սահմաններից դուրս առևտրային կենտրոններում  առևտրական գործունեություն կատարողներին: Սակայն հանձնաժողովում հավանության է արժանացել միայն մեկ դրույթը:

ԼՀԿ-ի նախնական տեղեկություններով՝ նախագիծը կարող է վերաբերվել մոտ 1000 ձեռնարկատիրական սուբյեկտի: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am