Պատգամավորի կարծիքով՝ հանրությունը պատրաստ չէ Նաիրի Հունանյանի հնարավոր ազատ արձակմանը

Armenpress 14:41, 23 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը կարծում է, որ հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի հնարավոր ազատ արձակման վերաբերյալ հասարակության արձագանքը բացասական է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Հունանյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հետ կապված դիմումին:

«Դա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է, սակայն դա չի նշանակում, թե պետք է իրացվի: Կարծում եմ, որ հանրությունը պատրաստ չէ այդ անձի ազատությանը, այլ պատժատեսակով փոխարինելուն: Այդ դիմումը կբավարարվի, թե ոչ, բացառապես դատարանի որոշումն է, մենք չեն կարող դրա հետ կապված որևէ կանխակալ վերաբերմունք դրսևորել»,-ասաց Սիմոնյանն ու հավելեց՝ կարծում եմ, որ հասարակական արձագանքը բացասական է:

Հարցին, թե արդյոք կարծում է, որ Հոկտեմբերի 27-ի գործը վերանայվելու անհրաժեշտություն ունի, նա պատասխանեց՝ կարծում է, որ հասարակության ընկալումն այն է, որ այդ գործը դեռ ամբողջությամբ չի բացահայտվել, և կան անձինք, ովքեր դրա իրական մեղավորներ են ու չեն գտնվում ազատազրկման մեջ:  Պատգամավորը ևս ունի կասկածներ, որոնք ամբողջությամբ չեն փարատվում: Սիմոնյանը հույս հայտնեց, որ ինչպես քննարկման առարկա է դարձել Մարտի 1-ի գործը, այնպես էլ պետք է հոկտեմբերի 27-ի իրադարձությունները լիարժեքորեն բացահայտվեն:

Լրագրողների հետ զրույցում թեմային անդրադարձավ նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նրա կարծիքով՝ 20 տարի առաջ Հայաստանի ժողովուրդը որոշում էր կայացրել, որ ինքը պետք է ձևավորի իշխանություն: «Եվ այդ ձևավորած իշխանությունը գլխատվեց Նաիրի Հունանյանի և նրա խմբի կողմից, և 20 տարի հետո նա հնարավորություն է ստացել դիմել, որ ազատ արձակվի: Նա 20 տարի առաջ ուներ հնարավորություն, որ իր նկատմամբ նախաքննությունը մեղմվեր, եթե ինքը նախաքննական մարմնի հետ համագործակցության արդյունքում հնարավորություն տար Հայաստանի Հանրապետությանը՝ հասկանալու, թե հոկտեմբերի 27-ին ինչ է տեղի ունեցել»,-ասաց Քոչարյանը:

Նրա կարծիքով՝ եթե Հունանյանը հիմա ցանկություն ունի վերջապես 20 տարի հետո ասելիքով հանդես գալու, ապա դա կարող է հնարավորություն կտալ ՀՀ-ին վերջապես իմանալու, թե հոկտեմբերի 27-ին ինչ է տեղի ունեցել: Սակայն նրա կարծիքով՝ Նաիրի Հունանյանը 20 տարի ուշացել է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հետ կապված: Նաիրի Հունանյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ իրականացրել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա հարձակումը, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Գործողությունների հետևանքով զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am