«Հայաստանի Հանրապետություն». Վաշինգտոնն ու Մոսկվան ասացին իրենց խոսքը. որն է լինելու լուծումը

Armenpress 09:21, 23 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մի նոր նախազգուշացում է արվել Անկարային: Եթե նախկինում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել էր, որ Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու խնդիր չի դրվելու, քանի որ այդ երկիրը ՆԱՏՕ-ի կարեւոր ներկայացուցիչն է տարածաշրջանում, ապա օրերս Պենտագոնի ղեկավարը հայտարարեց, որ անհրաժեշտության դեպքում ՆԱՏՕ-ի վրա ճնշումներ կգործադրեն, որպեսզի միջոցներ ձեռնարկի Թուրքիայի դեմ:

Թուրքիայի նախագահը Սոչի մեկնելուց առաջ չի բացառել, որ թուրքական բանակի հարձակումը Սիրիայի հյուսիսում կարող է շարունակվել արդեն առաջիկա օրերին: «Այժմ Սիրիայի հյուսիսում հրադադար է հաստատվել: Վաղը ես մեկնում եմ Սոչի: Նախագահ Պուտինի հետ մենք կքննարկենք ծավալվող գործընթացները, ինչից հետո, Աստված տա, կդիմենք անհրաժեշտ քայլերի», - հայտարարել է նա:

Փաստորեն, թուրքական ներխուժման խնդիրը վերստին կախված է ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի վճռական քայլերից: Այսօր եւ՛ Վաշինգտոնը եւ՛ Մոսկվան արդեն կոշտ հայտարարություններ են արել Անկարայի ուղղությամբ, ինչը նշանակում է՝ յուրաքանչյուր կողմ բանակցություններից առաջ փորձել է ավելի անզիջում երեւալ Թուրքիայի աչքին: Բայց դա ինչի կհանգեցնի, այսօր թերեւս պարզ կլինի, երբ Անկարայում վերլուծեն Մոսկվայի հետ կայացած բանակցությունների արդյունքները, իսկ Վաշինգտոնի հետ պարզաբանեն այդ ռուս-թուրքական հանդիպման արդյունքների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am