1000х90.jpg (78 KB)

Վիճակագրական կոմիտեի նոր պարզաբանումը՝ բեռնափոխադրումների ցուցանիշների «պարադոքսի» վերաբերյալ

Armenpress 16:56, 22 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած որ Վիճակագրական կոմիտեն ներկայացրել էր պարզաբանումներ «բեռնափոխադրումների ցուցանիշների «պարադոքսի» վերաբերյալ», սակայն վերջին օրերին նորից մամուլում հնչում են հարցեր, թե ինչպես կարող է բեռնափոխադրումների ցուցանիշը 54%-ով պակասել, բայց տնտեսությունը աճել 7%-ով:

Պարզաբանում ստանալու նպատակով «Արմենպրես» լրատվական գործակալությունը դիմել է վիճակագրական կոմիտեի տրանսպորտի և կապի վիճակագրության բաժնի գլխավոր մասնագետ Ա. Ներսիսյանին:

- Այդ հարցի վերաբերյալ դեռևս հունիսի 19-ին տրվել է պարզաբանում (տես` https://armenpress.am/arm/news/978953.html հղումը):

Սակայն հարկ է նորից նշել, որ «բեռնափոխադրման տրանսպորտային ծառայություններ» տնտեսական գործունեության տեսակի թողարկումը հաշվարկվում է ոչ միայն ըստ փոխադրված բեռների ծավալների, այլև ըստ փոխադրման հեռավորության: Այլ կերպ ասած՝ ըստ բեռնաշրջանառության ծավալների, այսինքն, թե ըստ բնամթերային արտահայտության քանի՞ տոննա-կմ-ի բեռնաշրջանառության ծառայություն է մատուցվել: Իսկ բեռնաշրջանառության ծավալները 2019թ. հունվար-օգոստոսին կազմել են 3 030.7 մլն. տոննա-կմ և 2018թ.-ի հունվար-օգոստոս ժամանակահատ­վածի համեմատ աճել 8.2%-ով, որից՝ երկաթուղային տրանսպորտինը՝  5.5%-ով, իսկ  ավտոմոբիլային տրանսպորտինը՝  16.0%-ով:

Անդրադառնալով բեռնափոխադրումների ծավալներին (որն ըստ էության փոխադրված բեռների քաշն է), ինչը կազմել է անցած տարվա հունվար-օգոստոսի 46.0%-ը, հարկ է նշել, որ  այդ ցուցանիշը գերազանցապես ձևավորվել է ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրված բեռների ծավալի շեշտակի անկմամբ: Այն 2019թ.-ի հունվար-օգոստոսին կազմել է 2018թ.-ի հունվար-օգոստոսի 35.0%-ը, ինչը տեղի է ունեցել ավտոմոբիլային տրանսպորտի կառուցվածքում արձանագրված փոփոխությամբ՝ 2019թ.-ի հունվար-օգոստոսին ավելի կարճ հեռավորությունների վրա բեռնափոխադրումների ծավալների տեսակարար կշռի նվազմամբ:

Այսպես,  2019թ. հունվար-օգոստոսին բեռնափոխադրումների  ծավալը կազմել է 5 740.3 հազար տոննա, 2018թ.-ի նույն ժամանակահատվածի 16 391.5 հազար տոննայի համեմատ, որը պայմանավորված է 2019թ.-ի հունվար ամսից բեռնափոխադրողների գլխավոր համակցությունից մեկ ռեսպոնդենտի գործունեության դադարով, որը մայիս ամսից նորից սկսել է աշխատել, սակայն շատ փոքր ծավալներով: Այդ ռեսպոնդենտը 2015-2018թթ ներառյալ բեռնափոխադրումների գործունեություն է ծավալել Սյունիքի մարզի հանքարդյունահանման ոլորտում` փաստացի իրականացնելով բավականաչափ մեծ ծավալների բեռնափոխադրումներ  կարճ հեռավորությունների վրա  (2.5 - 3.0 կմ): Այսպես, 2018թ. հունվար-օգոստոսին վերոնշյալ ռեսպոնդենտի  բեռնափոխադրումների ծավալը կազմել է 10 944.0 հազար տոննա, որը ավտոմոբիլային տրանսպորտի ընդհանուր բեռնափոխադրումների ծավալում կազմել է 66.8%, ինչով էլ պայմանավորված է 2019թ.-ի հունվար-օգոստոսին բեռնափոխադրումների ցածր տեմպը՝ 35.0%, իսկ բեռնաշրջանառության ծավալը`  32.4 մլն. տոննա-կմ, ավտոմոբիլային տրանսպորտի ընդհանուր բեռնաշրջանառության ծավալում կազմել է 6.1%, որը էական ազդեցություն չի ունեցել բեռնաշրջանառության ծավալի նվազման վրա:

Ավտոմոբիլային տրանսպորտի բեռնաշրջանառության  ցուցանիշի  աճի  տեմպը  2019թ.-ի հունվար-օգոստոսին, 2018թ.-ի հունվար-օգոստոսի նկատմամբ 116.0% պայմանավորված է նաև 2019թ.-ի հունվար-օգոստոսին ավտոմոբիլային տրանսպորտի միջպետական բեռնափոխադրումների ծավալների աճով՝ իրականացվել են բեռնափոխադրումներ մեծ հեռավորությունների վրա  (միջինը  մինչև 1 690կմ):

Այսպես, 2019թ.-ի հունվար-օգոստոսին միջպետական բեռնափոխադրումների փաստացի ծավալը հայաստանյան շարժակազմով կազմել է 250.7 հազար տոննա, 2018թ.-ի հունվար-օգոստոսի  193.1 հազար տոննայի համեմատ, կամ աճել է 29.8%-ով, իսկ միջպետական բեռնաշրջանառության ծավալները 2019թ.-ի հունվար-օգոստոսին` 396.8 մլն. տոննա-կմ, 2018թ.-ի հունվար-օգոստոսի  351.1 մլն. տոննա-կմ համեմատ, կամ աճել է 13.0%-ով:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ 2019թ.-ի հունվար-օգոստոսին ընդամենը տրանսպորտի բեռնաշրջանառության աճի տեմպը կազմել է 108.2% (2019թ.-ի հունվար-օգոստոսի 3 030.7 մլն. տոննա-կմ, 2018թ.-ի հունվար-օգոստոսի 2 801.7 մլն. տոննա-կմ համեմատ), ինչը պայմանավորված է նաև խողովակաշարային տրանսպորտի բեռնաշրջանառության աճի տեմպով, որը կազմել է 105.0%: Վերջինս բացատրվում է տրանսպորտի ընդհանուր բեռնաշրջանառության կառուցվածքում խողովակաշարային տրանսպորտի բարձր տեսակարար կշռով` 61.8%, իսկ ավտոմոբիլայինը` 20.3%, որոնք  2018թ.-ի  հունվար-օգոստոսին  բաշխվել են հետևյալ համամասնությամբ 63.7% և 18.9%:

Փոխադրված բեռների ծավալի ընդհանուր կառուցվածքում խողովակաշարային տրանսպորտի տեսակարար կշիռը կազմել է 13.2%՝ նախորդ տարվա 5.8%-ի համեմատ, իսկ ավտոմոբիլային տրանսպորտինը՝ 64.2%, նախորդ տարվա 84.3%-ի համեմատ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am