Գավառի պետական համալսարանում անցկացվեց ‹‹Գեղեցիկի պոետիկ եւ հեքիաթային ընկալումները›› թեմայով դաս

Armenpress 20:26, 21 Հոկտեմբեր, 2019

ԳԱՎԱՌ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի պետական համալսարանում կայացավ ‹‹Գեղեցիկի պոետիկ եւ հեքիաթային ընկալումները›› թեմայով բաց դաս, որին մասնակցեցին եւ գեղեցիկի իրենց ընկալումները պոեզիայի ու հեքիաթների լեզվով ներկայացրին հեքիաթագիր Մերի Սահակյանը, դերասան Սամվել Թոփալյանը, բանաստեղծներ Դավիթ Մշեցին, Ատոմ Հակոբյանը, Խոսրով Խլղաթյանը եւ դրամատուրգ Վահագն Դաբաղյանը։‹‹Արմենպրես››-ի տեղեկացմամբ՝  հյուրերին ողջունեց ու բացման խոսքով հանդես եկավ  բուհի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը՝ անդրադառնալով գեղեցիկի փիլիսոփայական ու առօրեական հասկացություններին։ Բաց դասն անցավ դասախոսական կազմով եւ ուսանողներով լեփլեցուն դահլիճում: Բաց դասին հրավիրված էին նաեւ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտները:  Օրվա հիմնական բանախոսը Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի տնօրեն, բանաստեղծությունների եւ էսսեների, հրապարակախոսական ու գիտական հոդվածների հեղինակ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ Ատոմ Հակոբյանն էր։ Նա  հետաքրքիր ձեւաչափով ներկայացրեց հյուրերին՝ մեջբերումներ կատարելով նրանց ստեղծագործություններից: Ստեղծագործող հյուրերը կիսվեցին գեղեցիկի իրենց ընկալումների եւ պատկերացումների մասին, կարդացին իրենց ստեղծագործություններից, հանդես եկան ասմունքով եւ  պատասխանեցին ներկաների հարցերին: Մոտ չորս ժամ տեւած բաց դասին ամփոփիչ ելույթով հանդես եկավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրականագետ Վաչագան Գրիգորյանը: ‹‹Շատ բովանդակալից բաց դաս անցավ, ինչը ներկաներին ժամեր շարունակ կապես ոչ միայն գեղեցիկի հանդեպ պատկերացումներին, այլ նաեւ՝ արդի գրականությանը, որի ներկայացուցիչներին լսելու հնարավորությունն ունեցանք: Իսկ նման կենդանի շփումները նպաստում են գրական ստեղծագործությունների հանրահռչակմանը, գրական արժեքների արդյունավետ ընկալմանը ››,-նշեց Վաչագան Գրիգորյանը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am