Վարչապետ  Փաշինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է տնտեսական համագործակցության հարցեր

Armenpress 19:26, 21 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վաչապետը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ հայ-հնդկական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման: Կառավարության ղեկավարը նշել է, որ սեպտեմբերին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, որի ընթացքում երկուստեք կարևորել են տարբեր ոլորտներում կապերի ընդլայնումը, ինչպես նաև միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցությունը: Միաժամանակ, վարչապետը նշել է, որ Հայաստանում անցկացվում են տարբեր միջոցառումներ՝ Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ, ինչը վկայում է երկու երկրների և ժողովուրդների ամուր կապերի մասին: Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Նարենդրա Մոդիին ուղղված Հայաստան այցելելու իր հրավերը և համոզմունք հայտնել, որ այցը նոր թափ կհաղորդի Հայաստանի ու Հնդկաստանի միջև հարաբերությունների զարգացմանը: 

Կիշան Դան Դևալը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ կներդնի բոլոր ջանքերը՝ առաքելությունը բարձր մակարդակով իրականացնելու և երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Դեսպանը նշել է, որ իր երկրի կառավարությունը ևս շահագրգռված է Հայաստանի հետ տնտեսական կապերի ընդլայմամբ և ամրապնդմամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են քաղաքական և տնտեսական ոլորտներում փոխգործակցության զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, բիզնես կապերի խորացման, ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին և այդ ուղղությամբ նախատեսվող քայլերին:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է նաև Եվրասիական տնտեսական միության և Հնդկաստանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրումը, ինչը ևս նոր ազդակ կհաղորդի հայ-հնդկական առևտրատնտեսական հարաբերություններին ու փոխգործակցության ընդլայնմանը:   

Կողմերը մտքեր են փոխանակել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման և տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am