Արարատ Միրզոյանն ընդունել է «Ավրորա» ամենամյա մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիին

Armenpress 18:37, 21 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է «Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր ճանաչված «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrucke Irak) կազմակերպության համահիմնադիր եւ ղեկավար Միրզա Դինայիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Միրզա Դինայիին՝ վերջինիս ցուցաբերած մեծ մարդասիրության համար՝ նշելով, որ Հայաստանը, որը նույնպես անցել է պատմության արհավիրքների միջով եւ Ցեղասպանություն տեսել, շատ լավ գիտի այն աշխատանքի արժեքն ու նշանակությունը, որ արել է Միրզա Դինային՝ օգնության ձեռք մեկնելով  «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներում կտտանքների ենթարկվող եզդի կանանց եւ երեխաներին:

Արարատ Միրզոյանը, որն «Ավրորա» մրցանակաբաշխության նախաձեռնության ակունքներում է եղել եւ աշխատել է այդ շրջանակներում, շնորհավորելով Միրզա Դինայիին՝ նշել է, որ իր համար կրկնակի ուրախալի է տեսնել վերջինիս՝ այդ մրցանակը ստացողի դերում:

Միրզա Դինային շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին՝ եզդիական համայնքին ցուցաբերած մարդասիրական աջակցության համար, ինչպես նաեւ հանդիպմանը ներկա ԱԺ պատգամավոր, եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանին՝ եզդիների հասարակական կյանքում ակտիվ ներգրավվածության համար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am