«Ավրորա» մրցանակի դափնեկիրը մարդասիրական գործունեությունը չավարտվող աշխատանք է համարում

Armenpress 16:44, 21 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր ԵՊՀ հիմնադրման հարյուրամյակին նվիրված միջոցառումների շարքում տեղի է ունեցել հանդիպում-դասախոսություն «Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր Միրզա Դինայիի հետ:Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԵՊՀ-ից, հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, պրոռեկտորներ, «Ավրորա» մրցանակի նախորդ տարիների մրցանակակիրները, դասախոսներ և ուսանողներ:ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության  հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը նշեց, որ ԵՊՀ-ն հիմնադրման հարյուրամյակին նվիրված միջոցառումների շարքում սիրով հյուրընկալել է  «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության հաղթողին, իսկ 100-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվելու են մինչև տարվա վերջ:Հանդիպման սկզբում ներկաները դիտեցին տեսանյութ Միրզա Դինայիի հիմնադրած «Լյուֆթբրյուքե Իրաք» կազմակերպության գործունեության և ցուցաբերած մարդասիրական օգնության մասին:«Ավրորա» մրցանակաբաշխության դափնեկիրը, հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ  Սիրիայում և Իրաքում, կարողացել է օգնել եզդի համայնքի ամենախոցելի ներկայացուցիչներին։Միրզա Դինային փրկել է ավելի քան 1.500 մարդկանց, հիմնականում կանանց և երեխաների՝ օգնելով վերականգնողական բուժում ստանալ Գերմանիայում:Դասախոսության սկզբում Միրզա Դինային շնորհակալություն հայտնեց հրավերի համար և շնորհավորեց ԵՊՀ հիմնադրման հարյուրամյակը, որից հետո ներկայացրեց իր գործունեությունն ու ապագայի ծրագրերը:Այն հարցին, թե ինչպիսի զգացողություն ուներ, երբ հաղթողի անվանակարգում բեմից իր անունը հնչեցրին, Միրզա Դինային նշեց, որ շատ անսպասելի էր իր համար:«Մարդասիրական գործունեությամբ զբաղվելն իմ կյանքի կարևորագույն մասն է, և ես «Ավրորա»-ն երբեք մրցույթ չեմ համարել,- ասաց «Ավրորա» մրցանակաբաշխության դափնեկիրը,- երբ բեմից իմ անունը հնչեցրին, ես ասացի, որ իմ մյուս գործընկերները նույնպես արժանի են այս մրցանակին»:Խոսելով իր նպատակների մասին՝ Միրզա Դինային նշեց, որ «Ավրորա»-ն իրեն մարդասիրական գործունեությամբ    զբաղվելու համար մեծ հարթակ է տրամադրել:«Ինձ համար «Ավրորա» ընտանիքի անդամ լինելը շատ պարտավորեցնող է, և ես փորձելու եմ այս ընթացքում ընտանիքի լավ անդամ դառնալ»,- ասաց նա:Խոսելով ահաբեկիչների ձեռքից մազապուրծ եղածներին ցուցաբերած օգնության մասին՝ դափնեկիրը ներկայացրեց մի քանի կազմակերպություններ և ծրագրեր, որոնց շնորհիվ կանանց և երեխաներին տրամադրվել է սոցիալական ու հոգեբանական օգնություն:«Այս պահին մենք աշխատում ենք երեք կազմակերպությունների հետ, որոնք բժշկական օգնություն և վերականգնողական ծառայություններ են տրամադրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից տուժածներին, այդ կազմակերպություններն են «ՍԻԴ» (SEED Foundation) և «Շայ» (Shai Fund) հիմնադրամները, «Լյուֆթբրյուքե Իրաք» կազմակերպությունը (Luftbrücke Irak)»,- պարզաբանեց Միրզա Դինային:Հյուրը պատասխանեց նաև ուսանողներին հուզող հարցերին՝ ներկայացնելով գործունեության ընթացքում հանդիպած խոչընդոտների հաղթահարման ուղիները, նշելով, որ մարդասիրական գործունեությունը պատասխանատվություն և շարունակական աշխատանք է ենթադրում, և եթե մարդը որոշել է զբաղվել մարդասիրությամբ, ուրեմն պետք է հստակ գիտակցի, որ դա ողջ կյանքի համար է:«Մարդասիրական գործունեությունը չավարտվող աշխատանք է»,- վերջում նշեց Միրզա Դինային:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am