Ծխելը սահմանափակող հայտնի օրինագիծը կքննարկվի ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում. Թորոսյանը գոհ չէ

Armenpress 16:34, 21 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասարակական փակ վայրերում ծխելն արգելող օրենքի նախագիծն ԱԺ-ում կքննարկի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: ԱԺ-ի այս որոշումը չի գոհացրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, նա ակնկալում էր նախագիծը քննարկել առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին հայտնեց լրագրողների հետ զրույցում:

«Օրենքն արդեն Ազգային ժողովում է: Սակայն այն գնացել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով, ոչ թե առողջապահական՝ ինձ համար անհայտ պատճառներով»,-ասաց Թորոսյանն ու նշեց՝ միգուցե փորձի բացատրելով փոխել հանձնաժողովը, քանի որ օրենքն առողջապահական է, ոչ թե տնտեսական:

Նախարարը նկատեց՝ եթե դա չստացվի, ապա նախագիծը կքննարկվի տնտեսական հարցերի հանձնաժողովում: «Սակայն լավ չեմ պատկերացնում, թե ինչ պետք է քննարկենք տնտեսագետների հետ օրենքի մասով»,-նշեց Թորոսյանն ու շեշտեց՝ իրենց մտադրությունները նույնն են՝ ուզում են օրենքն ընդունվի արագ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց՝ ԱԺ նախագահն է որոշում, թե նախագիծը որ հանձնաժողովում պետք է քննարկվի: «Այդպես է որոշվել, քանի որ այդ նախագիծը, բացի առողջապահությունից, ունի նաև տնտեսական հետևանքներ, տնտեսական ազդեցությունը շատ մեծ է։ Սակայն դա չի նշանակում, թե հարցը միայն տնտեսական տեսանկյունից է քննարկվելու»,-ասաց Թունյանն ու նշեց՝ հանձնաժողովի նիստում կարող են լինել նաև առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչներ:

Նա նկատեց, որ բոլոր հանձնաժողովներից էլ անդամներ կարող են ներկայացված լինել կոնկրետ հանձնաժողովի նիստի: Թունյանը վստահ է՝ առողջապահության հարցերով հանձնաժողովից հաստատ կմասնակցեն իրենց քննարկումներին:

Թունյանի խոսքով՝ նախագիծը հանձնաժողովում կքննարկվի, ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթվա ընթացքում:

«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին փաթեթին կառավարությունը հավանություն էր տվել սեպտեմբերի 12-ին: Ծխախոտի օգտագործման արգելք է սահմանվում փակ տարածքներում։ Որոշակի սահմանափակումներ են նախատեսված հանրային տրանսպորտում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական, կրթական, մշակութային հաստատություններում։ Որոշակի կարգավորումներ են նախատեսվում նաև ծխախոտի վաճառքի և ծխախոտային արտադրանքի առաջխաղացման և գովազդի սահմանափակման ուղղությամբ։ Օրենքների նախագծերի փաթեթում ընդգրկված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվում է, որ մասնավորապես մասնավոր ավտոմոբիլային տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների օգտագործման կամ դրանց օգտագործման  սահմանափակման արգելքը խախտելը օրենքով սահմանված ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների օգտագործման կամ օգտագործման  սահմանափակման արգելքը խախտելը, բացառությամբ սույն օրենսգրքի 135.1, 135.2 հոդվածների, առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձի նկատմամբ՝ հիսունապատիկի չափով: Նույն արարքն այն պաշտոնատար անձի կողմից կատարելը, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված վարչական տույժի կրկնակիի չափով: Օրենքով նախատեսված դեպքերում հաստատությունների կամ հիմնարկների կամ վայրերի կամ տարածքների տեսանելի հատվածներում  ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման  արգելքի մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակների բացակայությունՆ առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am