ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը

Armenpress 15:27, 20 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը և վստահություն հայտնում, որ ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Ուկրաինա 16 անդամ ունեցող բարեկամական խումբը և ուկրաինացի գործընկերները կգործադրեն առավելագույն ջանքերը ոչ միայն միջխորհրդարանական հարաբերությունները զարգացնելու, այլև երկու երկրների և ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերը և գործակցությունը զարգացնելու ուղղությամբ։  Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ներկայացնում ենք հարցն ու պատասխանն ամբողջությամբ։

Արմենպրես. Ինչպե՞ս է Հայաստանի արտաքին գերատեսչությունը գնահատում Ուկրաինայի Գերագույն Ռադայում հոկտեմբերի 18-ին Հայաստանի հետ միջխորհրդարանական բարեկամական խմբի ստեղծումը հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման հեռանկարի տեսանկյունից։

Աննա Նաղդալյան. Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումն ողջունելի է: Վստահ ենք, որ ՀՀ Ազգային ժողովում գործող՝ պատգամավոր Հովհաննես Իգիթյանի գլխավորած Հայաստան-Ուկրաինա 16 անդամ ունեցող բարեկամական խումբը և ուկրաինացի գործընկերները կգործադրեն առավելագույն ջանքերը ոչ միայն միջխորհրդարանական հարաբերությունները զարգացնելու, այլև երկու երկրների և ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերը և գործակցությունը զարգացնելու ուղղությամբ։  

Համոզված ենք, որ հետագայում նույնպես Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության և հայ համայնքի, ինչպես նաև ուկրաինացի բարեկամների հետևողական աշխատանքը կլինի նույնքան արդյունավետ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am