1000х90.jpg (78 KB)

«Ավրորա»-ն լավագույնս նպաստում է աշխարհում հայ ժողովրդի հեղինակության բարձրացմանը․ ՀՀ վարչապետ

Armenpress 21:29, 19 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողության ժամանակ ունեցած ելույթում ՀՀ վարչապետն ընդգծել է, որ «Ավրորա» նախաձեռնությունը մեծ ու կարևոր աշխատանք է կատարում։

«Եվ ես ուրախ եմ ձեզ բոլորիդ տեսնել Երևանի Ազատության հրապարակում և մեր հյուրերին ասել՝ բարի գալուստ Հայաստան։ Նաև ցանկանում եմ մեզ բոլորիս շնորհավորել Հայաստանում «Ավրորա» ֆորումի շաբաթ անցկացնելու կապակցությամբ և ողջունել այդ հիասքանչ միջոցառման բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին։ Քաջատեղյակ եմ, որ ֆորոմւի շրջանակներում Հայաստանում անցկացվել են և մի քանի օր դեռևս անցկացվելու են բազմաթիվ հետաքրքիր քննարկումներ, որոնք վերաբերվում են արհեստական բանականությունից մինչև մշակութային ժառանգության պահպանման, կրթության զարգացման ու մարդասիրական գործողություններին առնչվող զանազան հարցերի։ Մենք երախտապարտ ենք «Ավրորա»-ին այդ քննարկումներն անցկացնելու և այդ միջոցով Հայաստանի մտավոր ու մշակութային կյանքը հարստացնելու ապագայի մեր տեսլականի ձևավորմանը նպաստելու համար։

Փաշինյանի խոսքով «Ավրորա» նախաձեռնությունը կարևոր տեղ է զբաղեցնում մեր կյանքում։ «Հպարտությամբ կարող ենք ասել, որ «Ավրորա»-ն այսօր համաշխարհային լայն ճանաչում է ստացել  և լավագույնս նպաստում է աշխարհում հայ ժողովրդի հեղինակության բարձրացմանն ու ճանաչելիության ընդլայնմանը։ Ստեղծվելով որպես Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը անմահացնելու միջոց, «Ավրորա» մրցանակաբաշխությունը փառաբանում է մարդասիրությունը, քաջալերում խաղաղությունը և մարդկության առաջընթացին ծառայելու անմնացորդ նվիրումը։ «Ավրորա»-ն դարձել է մեր ժողովրդի յուրատեսակ ներդրումը մարդու իրավունքների և հումանիզմի գաղափարների տարածման ու ամրապնդման համար աշխարհում։  Այն, եթե թույլ տաք ասել, դարձել է մեր խաղաղության համար շնորհվող Նոբելյան մրցանակը։ Ցավոք, ժամանակակից աշխարհում հակամարտություններն ու պատերազմներն ամենուրեք են, երկրագնդի գրեթե բոլոր անկյուններում, և «Ավրորա» մրցանակաբաշխությունն այն գործիքներից է, որը հիրավի կարևոր ներդրում է կատարում մարդկային ողբերգությունների կանխարգելման և խաղաղության հաստատման համար։ «Ավրորա»-ն սատարում ու մեծարում է այն անհատներին, ովքեր անտեսելով բոլոր դժվարություններն ու վտանգները գործում են հանուն մարդկային կյանքի, առողջության, արժանապատվության, իրավունքների պաշտպանության, խաղաղության։ Եվ սա յուրօրինակ մի արտահայտումն է աստվածաշնչյան ասվածքի՝ «Երանի խաղաղարարներին, քանզի նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն։ Ինձ համար պատիվ է ողջունել և շնորհավորել «Ավրորա» մրցանակի երեք մարդասերներին, 2019 թվականի Ավրորայի հերոսներին, որոնց կատարած բացառիկ աշխատանքը և իրականացրած առաքելությունը մենք հավաքվել ենք այստեղ մեծարելու

Շնորհավորում եմ և իմ երախտա­գիտությունն եմ հայտնում փաստաբան, ակտիվիստ և մարդու իրավունքների պաշտպան Հուդա ալ-Սարարիին: Եմենցի այս խիզախ կինը, վտանգելով իր կյանքը, բացահայտել է իր երկրում գոյություն ունեցող գաղտնի բանտերի ցանց, ուր անազատության մեջ էին պահվում հազարավոր մարդիկ։

Շնորհավորում եմ և իմ երախտա­գիտությունն եմ հայտնում «Ֆյուչըր փրաուիս» իսլամական հիմնադրամի (Future Prowess Islamic Foundation) հիմնադիր տնօրեն Զանա Բուկար Մուստաֆային, ով իր անձնուրաց գործունեությամբ կրթության հնարավորություն է ընձեռում Նիգերիայի Մայդուգուրի քաղաքի ընչազուրկ երեխաներին և պաշտպանում նրանց:

Նա, անտեսելով բոլոր վտանգները, հերոսաբար կարողացել է փրկել իսլամ ծայրահեղականների մոտ գերության մեջ գտնվող ավելի քան հարյուր երեխայի կյանք։ 

Եվ վերջապես շնորհավորում և իմ երախտագիտությունն եմ հայտնում այսօրվա գլխավոր հերոս, «Ավրորա» մրցանակաբաշխության դափնեկիր՝ պարոն Միրզա Դինայինին:

Լինելով «Օդային կամուրջ» կազմա­կեր­պության համահիմնադիր և տնօրեն՝ նա օգնել է Իրաքից Գերմանիա տեղափոխել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարբարո­սու­թյուններից տուժած եզդիներին և ցուցաբերել նրանց բժշկական օգնություն:

Միրզա Դինայինն օգնել է հարյուրավոր կանանց փախչել «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներից, անձամբ ներգրավվել նրանց անվտանգ վայր տեղափոխելու աշխատանքներում և ջուր ու սնունդ հասցրել մեկուսացման մեջ գտնվող ազգությամբ եզդի մարդկանց:

Պարոն Դինայինի, մենք երախտապարտ ենք ձեզ: Այն ինչ դուք անում եք Իրաքում մեր բարեկամ եզդի ժողովրդի համար մեզ հիրավի հիշեցնում է մեկ դար առաջ, Հայոց ցեղասպանության տարիներին, արևմտյան միսիոներների և առանձին անհատների գործունեությունը, որի շնորհիվ հնարավոր եղավ հազարավոր հայերի կյանք փրկել: Հայաստանի եզդի համայնքի անունից ևս մեր երախտա­գիտությունն եմ հայտնում Ձեզ: 

Դժբախտաբար, Մերձավոր Արևելքի շատ ժողովուրդներ վերջին տարիներին անցնում են մեծ դժվարությունների միջով՝ հաճախ հայտնվելով ողբերգական իրադարձությունների հորձանուտում: Ցավոք, մինչ այսօր խաղաղությունն ու կայունությունը վերջնական չեն հաղթա­նակել այդ տարածաշրջանում:

Սակայն Ձեր և Ձեզ նման անձնուրաց մարդկանց գործունեությունը լավա­տեսության և տարածաշրջանում կայուն ապագայի հույս է ներշնչում: Մաղթում եմ Ձեզ ուժ և եռանդ՝ Ձեր կարևոր մարդա­սիրական առաքելու­թյունը շարու­նակելու համար:

Սիրելի բարեկամներ,

Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ վերստին շնորհակալություն հայտնել այսօրվա միջոցառման և «Ավրորա» մրցանակաբաշխության բոլոր կազմա­կերպիչներին։ Բոլոր նրանց, ովքեր կանգնած են այս գաղափարի ու նախաձեռնության հետևում։

Մաղթում եմ ձեզ հաջողություն և նորանոր ձեռքբերումներ։  Եվ շնորհակալություն ուշադրության համար»,- ասաց վարչապետը։

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am