1000х90.jpg (78 KB)

«Ավրորա»-ի մշակութային միջոցառումները եզրափակվեցին  բլյուզի մեղեդիներով

Armenpress 21:37, 17 Հոկտեմբեր, 2019

ԳՅՈՒՄՐԻ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ :  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մշակութային միջոցառումները եզրափակվեցին հոկտեմբերի 17-ին երեկոյան  բլյուզի մեղեդիներով: Վլադիմիր Ավետիսյանի եւ D’Black Blues Orchestra միջազգային բլյուզ խմբի բացօթյա  համերգին բացի խմբից հանդես եկան  նաեւ Bambir հայկական ֆոլկ-ռոք խումբը եւ TmbaTa նվագախումբը:

D’Black Blues Orchestra-ն ներկայացրեց «Anthology of Blues. Part II» համերգային ծրագիրը: D’Black Blues Orchestra խմբի ղեկավարը ռուս երաժիշտ, գործարար, բարերար եւ EVITA բարեգործական հիմնադրամի հիմնադիր Վլադիմիր Ավետիսյանն է: Նա Հայաստանում հայտնի է եւ սիրված ոչ միայն նախկինում՝ Երեւանում եւ Դիլիջանում կայացած իր համերգներով՝ որպես երաժիշտ, այլև որպես Հայաստանի մեծ բարեկամ: Վլադիմիր Ավետիսյանը հանդիսանում է UWC Դիլիջան միջազգային քոլեջի հիմնադիրներից մեկը եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության բարերար:

«Այս համերգը դեռ անցած տարի էինք  ծրագրել, բայց այնպես ստացվեց որ այս տարի եկանք: Իմ համար Գյումրիում հանդես գալը շատ խորհրդանշական է իմ նախապապը իր հոգևոր ծառայությունը  հենց այս քաղաքում է անցել՝ Հայ Կաթողիկե  եկեղեցում: Իմ շատ ընկերներ 1988 թվականի երկրաշարժից հետո  մասնակցել են Լենինականի վերականգնման աշխատանքներին: Ես առաջին անգամ եմ Գյումրիում: Զբաղվածության և համերգին նախապատրաստվելու պատճառով դեռ շատ բան չեմ տեսել: Հուսամ՝ կհասցնեմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համերգից առաջ լրագրողներին ասաց Վլադիմիր Ավետիսյանը՝  տեղեկացնելով, որ համերգային ծրագիրը բոլորովին նոր է:«Առաջին անգամ ենք այս ծրագրով հանդես գալիս, դրա  համար էլ երաժիշտները մի փոքր անհանգստանում են: Ամեն դեպքում անակնկալ ևս  լինելու է »,-ավելացրեց Վլադիմիր Ավետիսյանը: 

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am