Կատալոնիայի ղեկավարը հանդես Է եկել անկախության հարցի շուրջ նոր հանրաքվե անցկացնելու օգտին

Armenpress 13:50, 17 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տոռան գտնում Է, որ անհրաժեշտ Է նոր հանրաքվե անցկացնել տարածաշրջանի անկախության հարցի շուրջ: Համապատասխան հայտարարությունը նա արել Է հոկտեմբերի 17-ին՝ ելույթ ունենալով Կատալոնիայի խորհրդարանում:

«Եթե քվեատուփերի համար մեզ դատապարտեցին հարյուր տարվա բանտարկության, ապա պատասխանն ակներեւ Է՝ հարկավոր Է վերստին քվեատուփեր տեղադրել ինքնորոշման հարցի շուրջ քվեարկելու համար»,-ասել Է նա:

Ընդսմին Տորան ընդգծել Է, որ «դատարանը չի խանգարի Կատալոնիայի ղեկավարին՝ առաջ մղելու այն նախաձեռնությունները, որոնք վերաբերում են նրա ինքնորոշման իրավունքին»: Իսպանիայի Սահմանադրական դատարանը նախօրյակին նախազգուշացրել Է Տոռային՝ քրեորեն պատժելի հետեւանքների մասին՝ ինքնորոշման իրավունքի հետ կապված դատական որոշումների խախտման դեպքում:

Ինչպես հայտնել Է Reuters գործակալությունը, Կատալոնիայի կառավարության ղեկավարը հավելել Է, որ 2020 թվականի գարնանը կառաջարկվի Կատալոնիայի Սահմանադրության նախագիծը: Կատալոնիայում արդեն հարյուրից ավելի մարդ Է տուժել բողոքի ակցիաների ընթացքում: Տարածաշրջանի իրավապահ մարմինների եւ արտակարգ ծառայությունների տվյալներով՝ առնվազն 20 մարդ Է բերման ենթարկվել տարբեր հանրահավաքների ու ցույցերի ընթացքում բռնարարքներին մեղսակցության կասկածանքով:

Ընդամենը չորեքշաբթի օրվա բողոքի ակցիաներին մասնակցել Է ավելի քան 20 հազար մարդ: Նշվում Է, որ ցուցարարները «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել ոստիկանների վրա, ինչպես նաեւ հրկիզել են աղբարկղեր ու ավտոմեքենաներ: Հաղորդվում Է, որ հոկտեմբերի 17-ի առավոտյան Կատալոնիայում վերսկսվել են բողոքի ակցիաները: Ցուցարարները փակել են մի շարք փողոցներ ու երկաթուղիներ: Կատալոնիայում զանգվածային անկարգություններն սկսվել են հոկտեմբերի 14-ին այն բանից հետո, երբ Իսպանիայի Գերագույն դատարանը դատավճիռներ կայացրեց կատալոնցի 12 քաղաքական գործիչների նկատմամբ 2017 թվականի անկախության հանրաքվեի անցկացմանը նրանց մասնակցության կապակցությամբ: Ինը մարդ մեղավոր Է ճանաչվել խռովության կազմակերպման մեջ եւ դատապարտվել 9-ից մինչեւ 13 տարի ժամկետով բանտարկության, երեք մարդ մեղավոր Է ճանաչվել չենթարկվելու մեջ եւ դատապարտվել տուգանքի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am