«Երևանյան բեսթսելեր». Սարոյանի գործերն առաջատարն են. Թարգմանական. սեպտեմբեր, 2019

Armenpress 10:00, 18 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է սեպտեմբերի վաճառքների հիման վրա:

Առաջին հորիզոնականն է զբաղեցնում Ուիլյամ Սարոյանի «Անունս Արամ է» պատմվածքների շարքը: Այն Սարոյանի մանկական ու պատանեկան հիշողությունների արձագանքն է՝ յոթնամյա տղայի բացահայտումներից մինչև տասնյոթամյա պատանու ներաշխարհը: Ծայրից ծայր զուտ սարոյանական՝ զարմանալի խանդավառությամբ, խրոխտությամբ ու գաղտնախորհուրդ թախիծով շաղախված, նուրբ հումորով ներծծված պատմություններ՝ հարազատ փոքրիկ քաղաքի զավեշտալի մարդկանց և դրանց դիմակայող՝ Սարոյանների հերսոտ ու հպարտ ընտանիքի մասին: Անգլերենից թարգմանեց Նունե Թորոսյանը:

Երկրորդ տեղում է Ուիլյամ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» վեպը: Այս գործն իննամյա աղջկա անխաթար հայացքով է ներկայացնում կյանքը, ընտանեկան հարաբերությունները և թատրոնի աշխարհը, որտեղ նա հայտնվում է դերասանուհու մոր մասնագիտության բերումով: Սրտառուչ քնարականության և կենսուրախ հումորի զուտ սարոյանական շաղախը անկրկնելի հմայք է տալիս ցանկացած տարիքի ընթերցողին ջերմացնելու ընդունակ այս լուսե, ներդաշնակ և հաճելի գրքին: Թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան:

Երրորդ տեղում է Ալբեր Կամյուի «Անկումը»: Գիշերային Ամստերդամի աղմկոտ գինետներից մեկում մի անծանոթ՝ բաժակը ձեռքին, անանուն զրուցակցին է ներկայացնում իր վերելքների ու վայրէջքների պատմությունը: Մտացածին երկխոսություն, որտեղ ընթերցողին է վիճակված գուշակել պատասխանները:Ալբեր Կամյուի՝ 1956-ին գրված այս վիպակի առանցքում իրական անկման մի պատմություն է. գիշերային Փարիզի կամուրջներից մեկին կռթնած երիտասարդ մի անծանոթուհի, որին չի հաջողվում փրկել: Գլխավոր հերոսի հետագա կյանքը, ինչպես և իրականությունն իր շուրջ դառնում են մի անկման երկարող հետագիծ: Թարգմանիչ՝ Շուշանիկ Թամրազյան:

Չորրորդ հորիզոնականն է զբաղեցնում Ուիլյամ Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես» վիպակը: Այն Ուիլյամ Սարոյանի գրական ժառանգության մարգարիտներից մեկն է: Տասնամյա տղայի պատումը, միահյուսվելով գրող հոր հետ ծավալվող խորունկ զրույցներին, այս լուսավոր ու իմաստուն գործը դարձնում է կյանքի և աշխարհի տիպիկ սարոյանական մանրակերտ, ըստ էության՝ սեղանի գիրք ամեն տարիքի ընթերցողի համար: Թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան:

Հինգերորդ հորիզոնականում է գերմանացի գրող Ռիչարդ Բախի ամենահայտնի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ստեղծագործությունը: Գրողը ներկայացնում է` ինչպես են հասարակ ճայերն ուզում իմանալ ծովափից սննդի աղբյուր գտնելու ճանապարհը: Նրանց համար կյանքի իմաստը ոչ թե թռչելու, այլ սնվելու մեջ է: Սակայն Ջոնաթան Լիվինգսթոնը հասարակ ճայ չէ, նա անվերապահորեն չի հետևում մյուս ճայերին, այլ համառորեն սովորում է ինքնուրույն թռչել: Հասարակ ճայերը չեն կիսում նրա հետաքրքրությունը թռչելու նկատմամբ, ծնողներն էլ փորձում են սիրելի զավակին ճիշտ ուղու վրա դնել, բայց ոչինչ չի կարող կանգնեցնել Ջոնաթանին: Թարգմանել է Նաիրա Հարությունյանը:

Մարիո Պյուզոյի «Կնքահայրը» վեցերորդ տեղում է: Վեպը համաշխարհային ճանաչում ունի։ Այն սովորական դետեկտիվ չէ։ Վեպը սոցիալական լուրջ հիմնավորում ունի։ Այստեղ ներկայացվում է 1920-30-ական թվականներին ԱՄՆ-ում կազմակերպված հանցագործության առաջացումը, որը հեղինակը դիտում է որպես օրինաչափ երևույթ, ինչո՞ւ և ինչպե՞ս են կազմակերպվել մաֆիաները, ինչպե՞ս է առաջացել նրանց կապը քաղաքական բոլոր շրջանակների հետ։ Թարգմանիչ՝ Ռուզաննա Ղազարյան:

Յոթերորդ հորիզոնականում Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ն է: Հրկիզող Գայ Մոնթագի տան հեռուստապատերով պարփակված իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ գրքերի թաքստարանների տեղերը մատնում է հրկիզողներին: Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է: Գիրքը բնագրից թարգմանել է Լուսինե Հարոյանը:

Թոմ Հենքսի «...Այն, ինչ զգում է իմ սիրտը» պատմվածքների ժողովածուն ութերորդ տեղում է: Ամերիկացի հանրահայտ դերասան, կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Թոմ Հենքսը նաև լավ գրող է։ Հենքսի գրական ստեղծագործությանն առաջին անգամ մայրենիով ծանոթանալով հայ ընթերցողը կհամոզվի, որ նա տաղանդավոր է ոչ միայն կինոյի, այլև գրականության բնագավառում։ Նրա հումորով թաթախուն, բարի պատմվածքներն արժանացել են ոչ միայն ամերիկյան, այլև տարբեր երկրների ընթերցողների համակրանքին, դրանցում սարոյանական շունչ են զգում: Գիրքը թարգմանել է Ռուզան Ազիզյանը:

Ուիլյամ Սարոյանի «Ուեսլի Ջեքսոնի արկածները» իններորդ տեղում է: Երկրորդ աշխարհամարտի մասնակից Սարոյանի անձնական փորձառության վրա խարսխված այս վեպը` անհերքելիորեն նրա լավագույն գործերից մեկը (1946), որ հրատարակվում է վերանայված թարգմանությամբ, պատկերելով երիտասարդ շարքային Ուեսլի Ջեքսոնի ոդիսականը, տրագիկոմիկական շնչով է ներկայացնում պատերազմի ամբողջ աբսուրդը: Սարոյանական աշխարհի անկրկնելի գույներով դրոշմված գրքի բանալին կարող են դառնալ մի առիթով մեծ գրողի ասած հետևյալ խոսքերը. «Մահերի մեջ կյանք կա, պատերազմների մեջ` խաղաղություն, սխալների մեջ` ինչ-որ ճիշտ բան»: Անգլերենից թարգմանեց Զավեն Բոյաջյանը:

Տասներորդ հորիզոնականում է Մարկ Արենի «Քառյակը» վեպը: Վեպի հերոսները չորս ընկերներ են՝ երևանցիներ Խաչատուրը, Տիգրանը, Արտեմը և մոսկվացի Անդրեյը: Մասնակցում են Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացմանը, մարտնչում հանուն Արցախի ազատագրության, այնուհետև՝ համեմատաբար խաղաղ ժամանակներում, պայքարում ավազակախմբերի դեմ… Նրանց կյանքում փորձանքների ու փորձությունների պակաս չկա, սակայն ոչինչ չի կարողանում տրոհել այդ քառյակը: Թարգմանիչ՝ Հովհաննես Այվազյան:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների և գրատների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 *

Ուիլյամ Սարոյան

«Անունս Արամ է»

Անտարես 41 2 +8

Ուիլյամ Սարոյան

«Մայրիկ, ես սիրում եմ քեզ»

Անտարես 39 3 նոր

Ալբեր Կամյու

«Անկումը»

Անտարես 36 4 *

Ուիլյամ Սարոյան

«Հայրիկ, դու խենթ ես»

Անտարես 34 5 -2

Ռիչարդ Բախ

«Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»

Անտարես 28 6 *

Մարիո Պյուզո

«Կնքահայրը»

Անտարես 25 7 -5

Ռեյ Բրեդբըրի

«Ֆարենհայթ 451»

Զանգակ 25 8 նոր

Թոմ Հենքս

«...Այն, ինչ զգում է իմ սիրտը»

Բուկինիստ 21 9 -1

Ուիլյամ Սարոյան

«Ուեսլի Ջեքսոնի արկածները»

Անտարես 12 10 -1

Մարկ Արեն

«Քառյակը»

Բուկինիստ 8


Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am