ՀՀ-ն կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիային. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Armenpress 19:33, 16 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ  և ճգնաժամային իրավիճակներում աջակցության համակարգող Մարկ Լոուքոքի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը ՀՀ մշտական ներկայացուցիչը խորին մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժման հումանիտար հետևանքների, այդ թվում՝ մարդկային կորուստների և քաղաքացիական բնակչության տեղահանման կապակցությամբ։

«Մհեր Մարգարյանը հատկապես ընդգծեց ռազմական գործողությունների հետևանքով սիրիահայ համայնքի և ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների համար առաջացած սպառնալիքները, մասնավորապես՝ ինքնության հողի վրա հանցանքների ու զանգվածային ոճրագործության վտանգը։ ՀՀ դեսպանի կողմից շեշտվեց Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում հումանիտար գործողություններ իրականացնելու և աջակցություն ցուցաբերելու կարևորությունը՝ վերահաստատելով ՀՀ պատրաստակամությունը շարունակելու մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիայի բարեկամ ժողովրդին։

Կողմերը քննարկեցին այդ ուղղությամբ համագործակցության և ջանքերը համադրելու հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am