Արման Թաթոյանն ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա կապակցությամբ

Armenpress 10:49, 16 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ուղերձում մասնավորապես ասվում է.

«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի´ ներկայացուցիչներ,

 շնորհավորում եմ ձեզ հայ մամուլի օրվա առթիվ:

Խոսքի և լրագրողական գործունեության ազատությունը երկրի ժողովրդավարական զարգացման հիմնարար ցուցիչներից է: Դուք անգնահատելի աշխատանք եք կատարում հասարակության տեղեկատվություն ստանալու իրավունքը երաշխավորելու և այլակարծությունը խթանելու հարցերում: Գլխավորապես ձեր աշխատանքի շնորhիվ է քաղաքացին պատկերացում կազմում հանրային մարմինների ու այդ մարմինները ներկայացնող պաշտոնատար անձանց աշխատանքի մասին: Այդ կերպ է երաշխավորվում քաղաքացիական վերահսկողությունը պետության նկատմամբ:

Ձեր աշխատանքի անխոչընդոտ իրականացման համար համակարգային առումով երկրում պետք է ձևավորվի այնպիսի մթնոլորտ, որպեսզի լրագրողն ինքը զգա, որ պետության կողմից պաշտպանված է իր մասնագիտական աշխատանքի հանդեպ ցանկացած ոտնձգությունից: Միևնույն ժամանակ, խոսքի ազատության իրավունքի իրացումը ենթադրում է նաև պատասխանատու լրագրություն: Լրատվական գործունեության տեսանկյունից այդպիսի պարտականություն է մասնագիտական բարձր պրոֆեսիոնալ և բարեխիղճ աշխատանքը՝ լրագրության հանրահայտ սկզբունքների պահպանմամբ: Թող որ «Մի՛ վնասիր» հիմնարար սկզբունքը ձեր աշխատանքում մշտապես լինի առաջնային, քանի որ դուք իրականացնում ենք հանրային կարևոր գործառույթ՝ նպաստելով ժողովրդավարության զարգացմանը»:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am