Արցախի ՄԻՊ-ն ԱՄՆ Հայ իրավաբանների միության պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հարցեր

Armenpress 10:19, 16 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է ԱՄՆ Հայ իրավաբանների միության մարդու իրավունքների կոմիտեի համանախագահներ Գարո Ղազարյանին և Գառնիկ Քերքոնյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արցախի ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ պաշտպանը ողջունել է միության պատվիրակության հերթական այցն Արցախ՝ բարձր գնահատելով կազմակերպության հետ ձևավորված համագործակցությունը և նրանց տևական ուշադրությունը արցախցիների իրավունքների պաշտպանության հիմնախնդիրների վրա:

Գարո Ղազարյանը և Գառնիկ Քերքոնյանն իրենց հերթին գոհունակություն են հայտնել զարգացող համագործակցության արդյունքներից՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել ջանքերն արդյունավետության հետագա բարձրացման ուղղությամբ:

Կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Արտակ Բեգլարյանի՝ Կալիֆորնիա այցի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի վերաբերյալ:

Միության պատվիրակությունը, պաշտպանի միջնորդությամբ, աշխատանքային հանդիպումներ է ունեցել պետական այլ պաշտոնյաների հետ, ինչպես նաև դասախոսությամբ հանդես եկել Արցախի պետական համալսարանի մի խումբ ուսանողների համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am