ՀՀ օրաթերթ. Նպատակահարմար են համարում թոշակները տրամադրել անկանխիկ՝ որոշ բացառություններով

Armenpress 09:51, 16 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Պետական կենսաթոշակների մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ են առաջարկվում (մինչեւ հոկտեմբերի 23-ը քննարկման է դրված: Դրանք կընդունվեն իհարկե միայն կառավարության հավանությանն արժանանալու եւ ԱԺ-ի հաստատելուց հետո): Նախարարությունը կարծում է, որ նպատակահարմար է օրենսդրորեն ամրագրել կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, պարգեւավճարների, պատվովճարների եւ այլ ծրագրերի վճարումները՝ անկանխիկ եղանակով կատարելը:

Այլ կերպ՝ կենսաթոշակները անկանխիկ կտրվեն, բայց որոշ բացառություներ կլինեն: Օրինակ, եթե կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, եթե լրացել է կենսաթոշակառուի 75 տարին, եթե կենսաթոշակը վճարվում է լիազորագրով, կամ՝ եթե կենսաթոշակը վճարվում է 14 տարին լրացած անչափահասին:

Ի դեպ, մենք առիթով, երբ խոսել էինք բնակչությանը առաջնային ծառայություն մատուցող կազմակերպությունների գործունեությունից, ասել էինք, որ թվայնացված դարում չթվայնացված մարդկանց անտեսել պետք չէ: Խոսքը այն հատվածի մասին է, որ խոցելի է բավականին: Կարիք կա՞ արդյոք թոշակ ստանալը միայն անկանխիկ եղանակով «մատուցել»: Այո, բացառություններ նշվում են, բայց չէ՞ որ մեդալի մյուս կողմն էլ կա. ասենք թոշակառուն բացառության շարքում չէ՝ հաշմանդամ չէ, 75-ը չի բոլորել, 70 է, բանկոմատներից ու բանկերից հեռու, միայնակ է, հարազատներ չունի, նոր ոչ մի բան էլ սովորել չի կարողանում, ինչպես է կենսաթոշակը ստանալու: Այո, կա հիմնավորում. բյուջեն գումար է խնայում անկանխիկ եղանակի անցնելիս, բայց չէ՞ որ օրենք գրելիս կամ փոփոխություն առաջարկելիս պետք է մտածենք նաեւ այս խմբի մասին: Այնպես չլինի, որ կենսաթոշակ տալիս քայքայված նյարդերի մի խումբ էլ հետը տանք…»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am