Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ

Armenpress 20:11, 15 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստանում գտնվող  ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Կողմերն անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Արտգործնախարարները վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ բոլոր հնարավոր ուղղություններով խորացնելու երկու երկրների միջև բազմադարյա բարեկամության վրա հիմնված համագործակցությունը՝ նախանշելով այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շրջանակները: 

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ հետ համագործակցության և երկխոսության շուրջ:

Հանգամանալից քննարկվեցին տարածաշրջանային իրավիճակը և խնդիրներ: Երկուստեք կարևորվեց տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և կայունության պահպանումը»,- նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am