ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է խաղաղապահների վարժանքներին

Armenpress 19:21, 15 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության «Զառ» ուսումնական կենտրոնում հոկտեմբերի 15-ին անցկացվել է զորավարժություն, որին ներգրավված էին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի գումարտակներից մեկը, ինժեներասակրավորային դասակը և զինված ուժերի դաշտային շարժական հոսպիտալը:

Զորավարժության նպատակն էր ՆԱՏՕ-ի չափորոշիչներով գնահատում անցնելը և միջազգային խաղաղարար առաքելություններին մասնակցելու հավաստագրում ստանալը, իսկ գլխավոր առանձնահատկությունը՝ բազմազգ միջավայրում նշյալ ստորաբաժանումների համատեղ գործելու ունակությունների ներդաշնակումը և դաշտային վարժվածության կատարելագործումն էր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դիտորդների ներկայությամբ ընթացող գործնական վարժանքներին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է միջազգային դիտորդների հետ, հետաքրքվել անձնակազմի գործողությունների վերաբերյալ նրանց տպավորություններով:

Զորավարժության մտահաղացման համաձայն՝ պայմանական հակամարտության գոտում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի գումարտակներից մեկը և ինժեներասակրավորային դասակը իրականացրել են խաղաղարար առաքելություն, իսկ շարժական դաշտային հոսպիտալը՝ նրանց գործողությունների բուժապահովումը:

Ներգրավված ստորաբաժանումների որակավորմանը միտված վարժանքների շրջանակում խաղարկվել են միջազգային խաղաղարար առաքելությունների ընթացքում հանդիպող պայմանական մի շարք մարտավարական դրվագներ: Ուսումնական կենտրոնում բացազատված դաշտային շարժական հոսպիտալում իրականացվել է պայմանական վիրավորների տեսակավորում, ըստ վիրավորման ծանրության աստիճանի` անհրաժեշտ բուժօգնության ապահովում, ուղղաթիռային տարհանում և այլ օպերատիվ միջոցառումներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am