Երևանի քաղաքային հակատուբերկուլոզային դիսպանսերի 2019թ. ֆինանսական ծավալում փոփոխություն չի եղել

Armenpress 11:33, 15 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվի առնելով վերջին տարիներին Հայաստանում տուբերկուլոզով հիվանդացության կայուն նվազումը և տուբերկուլոզային ստացիոնար բուժում իրկանացնող կազմակերպությունների թերբեռնվածությունը՝ առողջապահության նախարարությունը ձեռնարկել է ստացիոնար բուժում իրականացնող կազմակերպությունների օպտիմալացում, այդ թվում՝ պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական միջոցների կրճատում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: 

Միաժամանակ, հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող և միջազգայնորեն ընդունված տուբերկուլոզային բուժման հիվանդակենտրոն մոդելը՝ տուբերկուլոզային ծառայությունն ուժեղացվում է առողջության պահպանման առաջնային օղակում՝ պոլիկլինիակներում, առավել հասանելի դարձնելով բնակչության համար և տուբերկուլոզի կասկածի դեպքում ախտորոշման հնարավորությունը և բուժման դեպքում ամենօրյա հսկողությունը։

2019 թվականին առողջապահության նախարարի հրամանով հաստատված տուբերկուլոզի բուժման նոր ուղեցույցը նկարագրում է միջազգային լավագույն փորձի վրա հիմնված հիվանդներին տուբերկուլոզի ծառայությունների մատուցման առավել մատչելի հնարավորություններ՝ տնային այցեր, վիդեոզանգ, ընտանիքի անդամի միջոցով հսկվող բուժում, որոնց ներդրումը նվազեցնում է տուբերկուլոզային ծառայություններ մատուցողների առկա ծավալների կարիքը։

Ելնելով վերը նշվածից` առողջապահության նախարարությունում քննարկվում է 2020 թվականի ծախսերում Երևանի քաղաքային հակատուբերկուլոզային դիսապնսերին ֆինանսական միջոցներ տրամադրելու նպատակահարմարությունը։

Սույն դիսապնսերի հիմնադիրը Երևանի քաղաքապետարանն է և դրա հետագա վերապրոֆիլավորման կամ այլ ծառայություններ մատուցելու կենսունակության ապահովման հարցերը դուրս են առողջապահության նախարարության լիազորությունից։

Այն պացիենտները, որոնք գործադուլի արդյունքում կունենան ստացիոնար բուժման կարիք` իրենց բուժումը կարող են շարունակել Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում կամ տեղամասային պոլիկլինիկաներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am