Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է բելառուսական ՄԱԶ գործարանի պատվիրակությանը

Armenpress 18:40, 14 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է բելառուսական Մինսկի ավտոմոբիլային գործարանի (ՄԱԶ) փոխտնօրեն Սերգեյ Շուլյակի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Պապիկյանը ողջունել է հյուրին և բարձր գնահատել գործարանի ղեկավարության օպերատիվ արձագանքը և հետևողական մոտեցումն իր՝ Մինսկ կատարած աշխատանքային այցի շրջանակներում երկկողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ուղևորատար փոխադրամիջոցների մատակարարման ուղղությամբ համագործակցության հեռանկարները։ Կողմերն անդրադարձել են ՀՀ համայնքները գյուղատնտեսական և բեռնատար տեխնիկայով ապահովելու գործում ՄԱԶ գործարանի հնարավոր ներգրավվածության ընդլայնման, ինչպես նաև վերջինիս արտադրանքը Հայաստանի տարածքով դեպի Մերձավոր Արևելքի երկրներ արտահանման հնարավորություններին։

Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ-ում մեքենասարքավորումների հավաքման գործարանային արտադրություն հիմնելու հնարավորությունների շուրջ։

Հանդիպման ավարտին երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կքննարկի տրանսպորտային համակարգի արդիականացման նպատակով հանրապետության համայնքների պայմաններին համապատասխան տրանսպորտային միջոցների ներգրավման հնարավորությունները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am