Զինված ուժերում մահացության դեպքերը նվազել են 22 տոկոսով

Armenpress 17:28, 14 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում մահացել է 39 զինծառայող: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է զինծառայողների մահվան 50 դեպք: Այսինքն ԶՈՒ-ում մահացության դեպքերը նվազել են 11-ով, կամ 22%-ով: Ընդ որում՝ նվազումն արձանագրվել է զինվորական ծառայության հետ կապված մահվան դեպքերում:

Մասնավորապես՝ այս տարվա ընթացքում մահվան դեպքերից զինվորական ծառայության հետ կապված է եղել 16-ը: Դրանցից՝

3-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ,4-ը՝ սպանություններ,5-ը՝ ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր,1-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարից,1-ը՝ հիվանդությունից,2-ը՝ դժբախտ պատահարից:

Համեմատության համար նշենք, որ 2018թ. նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ կապված մահվան 27 դեպք: Այսինքն այս տարի ընդհանուր առմամբ զինծառայության հետ կապված մահացության դեպքերը նվազել են 40.7%-ով:

Նախորդ տարվա 9 ամիսների պատկերը, ըստ պատճառների, եղել է հետևյալը.

7-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ (այս տարի նվազումը՝ 4-ով կամ 57%-ով),1-ը՝ սպանություն (ավելացումը՝ 3-ով),8-ը՝ ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր (նվազումը՝ 37.5%-ով),2-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարից (նվազումը՝ 1-ով կամ 50%-ով),3-ը՝ հիվանդությունից (նվազումը՝ 2-ով կամ 66.6%-ով),1-ը՝ դժբախտ պատահարից (ավելացումը՝ 1-ով կամ 50%-ով),1-ը՝ ականի պայթյունից (նվազումը 1-ով կամ 100%-ով),3-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով (նվազումը՝ 3-ով կամ 100%-ով),1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով (նվազումը՝ 1-ով կամ 100%-ով):

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է զինծառայության հետ չկապված մահվան 23 դեպք: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել էր զինծառայության հետ չկապված մահվան նույնքան դեպք:

Ըստ պատճառների՝ պատկերը հետևյալն է.

8-ը՝ հիվանդություններից (2018թ. 9 ամիսներին՝ 9 դեպք),12-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից (11 դեպք),3-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելը (0 դեպք)0՝ դժբախտ պատահարից (3 դեպք):

Համեմատական վերլուծությունը վկայում է, որ մահվան դեպքերի նվազումը պայմանավորված է մի կողմից հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության թուլացման միտումների պահպանմամբ, մյուս կողմից զինվորական ստորաբաժանումներում սպայակազմի և անձնակազմի միջև ուղղղահայաց, ինչպես նաև զինծառայողների միջև հորիզոնական հարաբերությունների բարելավման, մարտական ծառայության կրման կանոնների պահպանման, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման, հանցագործությունները ծնող պատճառների չեզոքացման ուղղություններով քրեական հետապնդման մարմինների և զորամասերի միջին ու բարձր հրամանատարական կազմի կողմից դրսևորվող հետևողականությամբ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am