«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը սկսում է Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակի երկրորդ շրջափուլը

Armenpress 11:44, 12 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը՝ Թարգմանչաց տոնին, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ազդարարում է Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակի (գիտահետազոտական դրամաշնորհներ) հայտերի ընդունման նոր` 2019-2020 թթ. փուլի սկիզբը: 2018-ին մեկնարկած այս կրթաթոշակը տրվում է երիտասարդ գիտնականներին եւ հետազոտողներին, որոնք ուսումնասիրում են Հայաստանի եւ հայկական սփյուռքի XX դարի պատմության քիչ ուսումնասիրված դրվագները։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից, Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակընախատեսված է մինչեւ 40 տարեկան ՀՀ քաղաքացիություն ունեցող կամ Սփյուռքի հետազոտողների համար: Կարող են դիմել նաեւ հետազոտական խմբեր, որոնց գիտական ղեկավարի տարիքը համապատասխանում է առաջադրված պահանջին: Նախընտրությունըտրվում է  ակադեմիական առաջադիմություն ցուցաբերած հայտատուներին: Անցած տարի՝ նախագծի մեկնարկային փուլում, երկու հետազոտողներ ստացան Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակ եւ այժմ շարունակում են իրենց գիտահետազոտական աշխատանքներն արտասահմանում:

«Կուռ մեթոդաբանությամբ եւ միջազգային չափորոշիչներին համապատասխան հետազոտությունները խիստ կարեւոր են Հայաստանում գիտության զարգացման համար: Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակը լրացնում է այդ բացը՝ աջակցելով ժամանակակից պատմության ուսումնասիրություններին նվիրված այսպիսի բարձրորակ հետազոտություններին: Այս կրթաթոշակը մի կողմից լուրջ աջակցություն է երիտասարդ գիտնականներին, մյուս կողմից՝ նպաստում է հայագիտության զարգացմանը»,- նկատեց Ընտրող խորհրդի անդամ Հրաչ Չիլինգիրյանը:

«Որպես Ընտրող խորհրդի նոր անդամ՝ ուրախ եմ, որ այս գիտական ընտանիքի մի մասն եմ, որն իրական հնարավորություն է տալիս երիտասարդ գիտնականներին՝ արժեքավոր հետազոտություններ իրականացնելու հայագիտության ոլորտում: Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակը խրախուսում է նրանց՝ կապեր հաստատելու միջազգային գիտական համայնքի հետ՝ դառնալով դրա մի մասն ու միջազգայնորեն ճանաչելի դարձնելով սեփական աշխատանքը: Երբ երիտասարդ ես, լի էներգիայով ու գաղափարներով, անհրաժեշտ է իրական աջակցություն, որ չնահանջես: Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակը երիտասարդ գիտնականներին տալիս է այդ իրական հնարավորությունը՝  ուսումնասիրելու մեր պատմության խորքերում մոռացված էջերը»,- ասաց Ընտրող խորհրդի անդամ Հասմիկ Խալափյանը:

Գիտահետազոտական այս դրամաշնորհը զարգացնում է եւ ամրապնդում Հայաստանի ու միջազգային գիտական կենտրոնների միջեւ կապերը։ Այն իրականացվում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Scholae Mundi կրթական հարթակի ու հայագիտության ոլորտի հայտնի մասնագետների աջակցությամբ:

Տարեկան տրամադրվում է երկու դրամաշնորհ, ընդհանուր՝ 30,000 ԱՄՆ դոլարի չափով։ Հայտերն ուսումնասիրում է եւ վերջնական որոշում կայացնում անվանի գիտնականներից կազմված միջազգային Ընտրող խորհուրդը.

Ջորջ Բուռնության, Այոնա քոլեջի պատմագիտության ավագ պրոֆեսոր,

Հասմիկ Խալափյան, ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի տնօրեն,

Հրաչ Չիլինգիրյան, Օքսֆորդի համալսարանի արեւելագիտության ամբիոնի դասախոս եւ գիտաշխատող,

Լեւոն Չուգասզյան, Երեւանի պետական համալսարանի Հայ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի վարիչ,

Ռոնալդ Գ. Սյունի, Վիլյամ Սյուելի անվան պատմության եւ քաղաքագիտության պատվավոր պրոֆեսոր (Միչիգանի համալսարան), քաղաքագիտության եւ պատմության պատվավոր պրոֆեսոր (Չիկագոյի համալսարան):

Հայտերն ընդունվում են մինչեւ 2019-ի դեկտեմբերի 15-ն առցանց։ Բոլոր դիմորդները պետք է ներկայացնեն՝

հետազոտական հայտ/առաջարկ՝ անգլերեն (առավելագույնը 2,000 բառ, կրկնակի տողարանքով, 12pt տառաչափով)

ինքնակենսագրություն (CV)՝ ներառելով հրատարակությունների ցանկը (անգլերեն)

ուղեկցող նամակ (անգլերեն, առավելագույնը՝ 500 բառ)

երկու երաշխավորագիր՝ ճանաչված գիտնականների կողմից (անգլերեն): 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am