1000х90.jpg (78 KB)

Այս տարի կունենանք Հայաստանի պատմության մեջ միջազգային պահուստների ամենաբարձր ցուցանիշը. Փաշինյան

Armenpress 11:26, 12 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը 2019թ. առաջին 9 ամիսներին իրականացրել է շուրջ 433 մլն դոլարի գնում, ինչի արդյունքում ՀՀ-ում այս տարի դեկտեմբերի 31-ի դրությամբ կարձանագրվի միջազգային պահուստների ամենաբարձր ցուցանիշը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 12-ին անցկացվող «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս տարի մենք ըստ ամենայնի կունենանք մոտ 7% տնտեսական աճ, ինչը չափազանց կարևոր է, և բավական բարձր ցուցանիշ է ԵԱՏՄ տարածքում, և ընդհանրապես ամբողջ եվրոպական տարածքում: Այս տարվա տնտեսական ցուցանիշները ցույց են տալիս, որ այն տնտեսական ամբիցիաները, որ մենք ունենք և ձևակերպել ենք, դրանք իրական են, և կարող են դառնալ իրականություն: Այս մասին եկավ վկայելու նաև եվրոբոնդերի նոր թողարկման հաջողությունը, որը Հայաստանի միջազգային տնտեսական իմիջի առումով չափազանց կարևոր էր: ՀՀ-ում այս տարի դեկտեմբերի 31-ի դրությամբ երրորդ հանրապետության պատմության մեջ կունենանք միջազգային պահուստների ամենաբարձր ցուցանիշը: Սա կարևոր արդյունք է, որը վկայում է մեր երկրի ֆինանսական կայունության մասին: Այս տարի Հայաստանի շուկայում առաջին երեք եռամսյակների տվյալներով կենտրոնական բանկը իրականացրել է շուրջ 433 մլն դոլարի գնում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Հայաստանի տնտեսական զարգացման գործում անհրաժեշտ է գործընկերություն՝ ՀՀ կառավարության և բիզնեսի միջև:

«Այսօր չկա բաժանում այսպես կոչված ընդդիմադիր և իշխանամետ գործարարների: Բոլոր գործարարներին մենք համարում ենք մեր թիվ մեկ դաշնակիցը: Մեր մեծագույն խնդիրն է, որ ՀՀ-ում յուրաքանչյուր գործարար իրեն զգա պաշտպանված»,- նշեց վարչապետը:

«Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ընթացքում կներկայացվեն շուրջ 30 գործարար ծրագրեր, մարզի աշխատանքային միջավայրը, զարգացման հեռանկարները, գերակա ուղղությունները և տարբեր ոլորտներում առկա ներուժը:

Միջոցառման նպատակն է քննարկումների և փորձի փոխանակման միջոցով աջակցել մարզում իրականացվող ներդրումային ծրագրերին, ստեղծել նոր գործարար կապեր, բացահայտել բիզնես ոլորտում առկա խնդիրներն ու մշակել դրանց լուծման մեխանիզմները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am