Մարզպետն Արագածոտնի համար աննախադեպ է համարում «Իմ քայլը» ներդրումային համաժողովը

Armenpress 10:57, 12 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մարզի համար իր մասշտաբներով և նշանակությամբ աննախադեպ է համարում «Իմ քայլը» ներդրումային համաժողովը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարզպետն ասաց հոկտեմբերի 12-ին անցկացվող «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ընթացքում:

«Մենք այսօր ներկա ենք իր նշանակությամբ և ծավալով մեր մարզի համար մի աննախադեպ միջոցառման: Մեր մարզի տարածքը տատանվում է ծովի մակերևույթից 1000-ից 4000 և ավելի մետր բարձրության վրա, որը մեր մարզը գրավիչ է դարձնում, թե՛ գյուղատնտեսության, թե՛ զբոսաշրջության, թե՛ արդյունաբերության, և թե՛ առհասարակ տնտեսության տարբեր ճյուղերի համար: Մարզում ունենք նաև ահռելի գիտական և կրթական պոտենցիալ, և այս ոլորտների հետ կապված ամեն օր դրանց նոր թափ և նոր շունչ հաղորդելու խնդիր ունենք: Այս նպատակին հասնելու համար պետք է տեսնել, թե ինչ է դրված դրա հիմքում, իսկ մեր այս նպատակի հիմքում դրված է անսահման սերն ու նվիրումը հայրենիքի նկատմամբ»,- ասաց Գևորգյանը:

«Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, կառավարության ներկայացուցիչներ, պետական այրեր, գործարարներ, օտարերկրյա ներդրողներ և այլ հյուրեր:

Համաժողովի ընթացքում կներկայացվեն շուրջ 30 գործարար ծրագրեր, մարզի աշխատանքային միջավայրը, զարգացման հեռանկարները, գերակա ուղղությունները և տարբեր ոլորտներում առկա ներուժը:

Միջոցառման նպատակն է քննարկումների և փորձի փոխանակման միջոցով աջակցել մարզում իրականացվող ներդրումային ծրագրերին, ստեղծել նոր գործարար կապեր, բացահայտել բիզնես ոլորտում առկա խնդիրներն ու մշակել դրանց լուծման մեխանիզմները:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am